Պուտինը չի կարող խուսափել արդարադատությունից Ուկրшինայում հանցագործությունների համար. ՄՔԴ նախագահ

Միջազգային քրեական դատարանի նորընտիր նախագահ Տոմոկո Ականեն վճռական համոզմունք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում նկատմամբ Հաագայում գործող մարմինը կալանավորման օրդեր էր տվել անցյալ տարի, պատասխանատվության կենթարկվի Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար: Այս մասին Ականեն ասել է ճապոնական Kyodo News-ին տված հարցազրույցում՝ չինական ասացվածք մեջբերելով․ «Երկնքի վրեժը դանդաղ է, բայց հաստատ»։ Նա, ի դեպ, առաջին ճապոնացին է, որը գլխավորում է ՄՔԴ-ն։ Տոմոկո Ականեն ներգրավված էր անցյալ տարվա մարտին Պուտինին կալանավորելու օրդեր տրամադրելու դատարանի որոշման կայացման գործում՝ ուկրաինացի երեխաների բռնի արտաքսմանը նրա ենթադրյալ մասնակցության համար: Չնայած Ռուսաստանի հակազդեցությանը՝ Ականեն հրաժարվում է հետ կանգնել որոշումից։ «Քանի դեռ կան ապացույցներ և անհրաժեշտություն, մենք պետք է արձակենք ձերբակալման օրդերը՝ անկախ հանգամանքներից և քաղաքական ծագումից»,- հայտարարել է նա։ Այս ամսվա սկզբին ՄՔԴ-ն նաև երկու բարձրաստիճան ռուս սպաների, այնուհետև հրամանատարների կալանավորման օրդեր է տվել։ Ըստ դատարանի նախագահի՝ քանի դեռ մարտերը շարունակվում են Ուկրաինայում և Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև՝ Գազայի հատվածում, «կան բազմաթիվ դեպքեր, որոնց պետք է արձագանքել»։

Կիսվել սոց․ ցանցերում