Օտարերկրյա քաղաքացին քարով հարվածել և կոտրել է ՀՀ կառավարության մուտքի դռան ապակին

Մարտի 18-ին խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, նկատել են մի քաղաքացու, որը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, քարով հարվածել և կոտրել է ՀՀ կառավարության մուտքի դռան ապակին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները նրան ձերբակալել և խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ նշված անձը Նիդերլանդների թագավորության քաղաքացի 25-ամյա Դ. Նազարիանն է:

Կիսվել սոց․ ցանցերում