Սպասվում են աննախադեպ ծանր օրեր, բայց իրենք կպայքարեն ու Սերբիան կհшղթի

Սերբիայի նախագահ Վուչիչը բավականին «խորհրդավոր» գրառում է արել ինստագրամյան իր էջում: Վուչիչը հայտարարել է, թե վերջին 48 ժամում ստացել է ծանր տեղեկություններ, որոնք վերաբերում են Սերբիայի կենսական շահերին: Նա զգուշացրել է, որ սպասվում են աննախադեպ ծանր օրեր, բայց իրենք կպայքարեն ու Սերբիան կհաղթի:
Ի՛նչ է սպասվում բալկաններում:
Մի քանի օր առաջ՝ մարտի 23-ին, Տելեգրամի իմ ալիքում անդրադարձել էի Մոսկվայում ահաբեկության առիթով Սերբիայի նախագահի արձագանքին եւ դրա առանձնահատկությանը, նկատելով, որ դա խոսում է Սերբիայի շուրջ արտառոց իրավիճակի մասին: Ստորեւ տեղադրում եմ մարտի 23-ին իմ տելեգրամյան ալիքում հրապարակածս մեկնաբանությունը.
«Կան առաջին հայացքից «ուղեկցող դետալ» թվացող հանգամանքներ, որոնք սակայն գործնականում գուցե շատ ավելի բան են խոսում առկա իրավիճակի մասին:
Մասնավորապես, մի հատկանշական հանգամանք` Սերբիայի նախագահ Վուչիչի արձագանքը Մերձմոսկովյան ահաբեկությանը: Վուչիչը հիշատակելով ԱՄՆ եւ այլ արեւմտյան դեսպանատների մարտության հաղորդագրությունները՝ ահաբեկության ռիսկի մասին, հայտարարել է, որ դա նշանակում է այդ երկրների հատուկ ծառայությունները ունեցել են տեղեկություններ, տիրապետել են խոսակցությունների, իմացել են, որ ինչ որ բան լինելու է:
Առաջին հայացքից սա ընդամենը մի տրամաբանական եզրահանգում է, որ ահաբեկության առնչությամբ անում է մեզանից յուրաքանչյուրը:
Բայց, մեզանից յուրաքանչյուրի այդօրինակ հարցադրումը մի բան է, պետության, միջազգային իրավունքի սուբյեկտի, Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի նախագահի մակարդակով այդպիսի արձանագրումը՝ բոլորովին այլ բան, երբ խոսքը վերաբերում է ոչ թե ինչ որ իրավիճակի, այլ հարյուրավոր անմեղ մարդկանց մահվան հասցրած ողբերգության:
Վուչիչի այդ դիրքավորումը ըստ էության ավելի լայն դասավորության մաս է, ինչի եւս մի վկայություն է գուցե այն, որ նույն Վուչիչը հայտարարել է՝ Սերբիան կարող է դուրս գալ Եվրոպայի Խորհրդից, եթե այնտեղ ընդունեն Կոսովոյին, որը դիմում է ներկայացրել ԵԽ-ին անդամակցելու համար:
Իհարկե, Սերբիայի ներքին իրավիճակը նոր չէ, որ ճոճվում է, եւ զուգահեռ նաեւ մի քանի ճոճ եղել է Կոսովոյի հյուսիսում՝ սերբական բնակության գոտում: Բայց, կրկնեմ, մարդկային ողբերգության համար պատասխանատվության շեշտադրումների առումով Սերբիայի նախագահի այդ արագ եւ բավականին հստակ դիրքավորումը կարող է հուշել այն մասին, որ ահաբեկության ֆոնին Վուչիչը փաստացի հայտնում է ռազմա-քաղաքական հնարավոր նոր բաժանարար «առաջնագծում» կանգնելու հանձնառություն կամ պատրաստակամություն:
Այդպիսի դիրքավորում թերեւս արտահայտում են կամ այն պարագայում, երբ այսպես, թե այնպես անխուսափելի է՝ եւ հարցն արդեն զուտ անձնական հանձնառություն վերցնել-չվերցնելն է, կամ անխուսափելի են անհատական դաշտում ռիսկերը եւ այդօրինակ քաղաքական հայտերը արվում են իրավիճակը սրելու միջոցով փոխելու ակնկալիքով
Կիսվել սոց․ ցանցերում