Ինչու՞ է վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում որոշում անդրադառնալ Արցախի «վտարանդի կառավարության» անթույլատրելիության մասին թեմային, որից հետո թեման «վերցնում» են ենթակա ստորաբաժանումները:
Կարծում եմ, պատճառը ապրիլի 5-ին սպասվող հանդիպումն է: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլլերը հայտարարել է՝ ի պատասխան Բաքվի դժգոհության, որ հանդիպման օրակարգը տնտեսական եւ մարդասիրական աջակցությունն է, ինչպե՞ս կարող է այն լինել Ադրբեջանի մտահոգության առիթ:
Ի՞նչ է նշանակում մարդասիրական օգնություն: Դա Արցախից բռնի տեղահանված արցախցիներին ցուցաբերվելիք օգնությունն է: Եթե այդ հարցը ապրիլի 5-ի աննախադեպ ու կարեւոր ձեւաչափի օրակարգի հարց է, նշանակում է, որ խոսքը վերաբերելու է աննախադեպ չափի եւ տրամաբանությամբ օգնության, այլ ոչ թե սովորական, ինչպես եղել է մինչ այժմ:
Այլ կերպ ասած, Բաքվին ակնարկում են՝ մենք քննարկելու են արցախյան հարցը եւս մի շերտով փակելու օրակարգ, դուք ինչու՞ եք անհանգստանում: Իսկ Ադրբեջանն «անհանգստանում» է ընդամենը իր գինը բարձրացնելու համար, այդ թվում Հայաստանին հատկացվելիք օգնության բրյուսելյան քննարկումների համատեքստում:
Եվ ահա, Միլլերի այդ արձագանքի ֆոնին, Հայաստանի վարչապետը անում է անհրաժեշտ «ժեստ»-ազդակը՝ «ոչ մի վտարանդի կառավարություն եւ ցուցանակ անգամ»: Սա ներկայացվում է Հայաստանի անվտանգության համատեքստում, բայց բուն խնդիրն անկասկած Բրյուսելն է, այնտեղ փաստարկ ունենալը:
Հատկապես, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Ֆրանսիայի խորհրդարանի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի ղեկավարին եւ պատվիրակությանը: Իսկ ի՞նչ է նշանակում Ֆրանսիայի խորհրդարան: Դա նշանակում է Արցախի վերաբերյալ ընդունված բանաձեւեր, այլ կերպ ասած՝ ՄԱԿ ԱԽ անդամ հինգ պետություններից մեկի«թղթապանակում» արցախյան հարցի, թեկուզ խորհրդատվական կարգավիճակով առկայություն: Նախորդ գրառումովս նշել եմ, թե ինչ է դա Ֆրանսիայի քաղաքականության համար: Մինչդեռ, որեւէ մեկը չգիտե,, վաղն ինչ ուղղով կընթանա այդ քաղաքականությունն ու ինչ տարածությամբ եւ կոնֆիգուրացիայով կծավալվի այն:
Եվ ահա, մի կողմից ընդունելով Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակությանը՝ վերը նշածս ազդակի հանգամանքով հանդերձ, մյուս կողմից Փաշինյանը շտապում է «հանել դա» դեպի Բրյուսել ճանապարհից:
Հարց կառաջանա, այդ դեպքում հնարավոր չէ՞ր չընդունել պատվիրակությանը, գոնե Բրյուսելից առաջ: Մեծ հաշվով՝ ոչ, որովհետեւ առաջ, թե հետոն սկզբունքորեն տարբերություն չունի, քանի որ օգնությունը Բրյուսելում «առձեռն» չէ, որ տրամադրելու են, եւ դրանից բացի, ինչպես դարձյալ առիթ եմ ունեցել արտահայտել կարծիքս դեռեւս ամիսներ, տարի առաջ, Ֆրանսիան Երեւանի համար բալանսի միջոց է նախ եւ առաջ արեւմտյան մյուս դերակատարների հետ հարաբերությունների իմաստով:
Կրկնեմ՝ քաղաքականության միագիծ պատկերացումները ոչ միայն վաղուց անցյալում են, դրանք երբեք այդպիսին չեն էլ եղել:
