ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը օրերս ՀՀ Հրազդան քաղաքում մի շարք հայտարարություններ է արել ՀՀ-Իրան հարաբերությունների մասին։ Մեջբերելով ՀՀ-ում Իրանի դեսպանի խոսքերը, թե՝ «ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է մեզ համար, և խոսքը ոչ միայն Սյունիքին է վերաբերում, այլև ՀՀ ողջ տարածքին», Սաղաթելյանն ազդարարել է. «Այս իշխանությունները հայտարարում են, թե պետք է փոխենք մեր եղած դաշնակիցներին և նոր դաշնակիցներ փնտրենք։ …Ես դաշնակցի տեղը ցույց եմ տալիս՝ Իրան, տարածաշրջանում մեր հարևան հզոր տերություն, ում շահերը էս պահին համընկնում են ՀՀ շահերի հետ, որը պատրաստ է ՀՀ-ի հետ տարբեր ռազմաքաղաքական համագործակցության փաստաթղթեր ստորագրել և օգնել ՀՀ-ին իր տարածքային ամբողջականությունը պահելու հարցում։ Հիմա հարց՝ ՀՀ իշխանությունները ինչի՞ դա չեն անում։ Ձեզ վստահեցնում եմ՝ էն այցերը, որ ունենում են Թեհրան, դրանք համագործակցություն հաստատելու իմիտացիա են։ Իրականում բոլոր բանակցությունների ժամանակ բոլոր կարևոր առաջարկները ՀՀ իշխանությունների կողմից մերժվել ա։ Ինչի՞, որովհետև իրանք ուզում են ՀՀ բերեն նոր խաղացողներ»։
Տեղյա՞կ է, թե այդ ի՞նչ «կարևոր առաջարկների» մասին է խոսում Սաղաթելյանը, առաջարկներ, որոնք, ըստ նրա, մերժում է ՀՀ-ն, և առհասարակ, ինչպե՞ս է գնահատում Սաղաթելյանի այն հայտարարությունը, թե իբր ՀՀ իշխանությունները ոչ թե համագործակցում են Իրանի հետ, այլ՝ «համագործակցության իմիտացիա են անում»։ Նման հայտարարություններն արդյոք վտանգավոր չե՞ն ՀՀ-Իրան հարաբերությունների համար՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա լարված իրավիճակն ու հատկապես այն, թե քաղաքական առումով ինչպիսի սպեցիֆիկ երկիր է մեր հարավային հարևանը։ Civic.am-ի հետ զրույցում Թեհրանում ապրող իրանագետ Սահակ Շահմուրադյանը Սաղաթելյանի հայտարարությունն ու բնորոշումները որակեց անհիմն ու մանիպուլյատիվ՝ կեղծ ու թերի աղբյուրներից ստացված։
«ՀՀ վստահելի և բարյացակամ հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին 30 տարիների ընթացքում ոչ միայն սերտ և բարեկամական հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ, այլև վերջին 3-4 տարվա ընթացքում և ՀՀ-ում նոր ժողովրդավարական իշխանություն ձևավորվելուց հետո աննախադեպ ջերմ և բարեկամական հարաբերություն է մշակել գործող իշխանությունների հետ»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Առիթ ունեցել եմ նախորդիվ ձեր լրատվամիջոցի հետ հանգամանորեն խոսելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակի համատեքստի մասին։ Հավելեմ ասվածին, որ այս պահի դրությամբ Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են, և գրեթե օր չկա, որ ՀՀ-ից Իրան և Իրանից ՀՀ տնտեսական, քաղաքական, անվտանգային, տրանսպորտային, առևտրական, մարզական և մշակութային պատվիրակություններ փոխայցեր չկատարեն՝ ձեռք բերելով նոր պայմանավորվածություններ, վերանորոգելով ու վերամշակելով նախկին պայմանավորվածություններն ու պայմանագրերը։ Մի խոսքով, ՀՀ-ն և ԻԻՀ-ն չունեն չհամընկնող որևէ շահ և դրա շուրջ անհամաձայնություն։ Վերջերս Իրան էին այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ովքեր հանդիպումներ ունեցան ԻԻՀ պաշտպանության նախարար գեներալ-մայոր Մոհամմեդռեզա Աշթիանիի և ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլահիանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ռազմատեխնիկական համագործակցության և տարածաշրջանում անվտանգության, կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ աջակցել միմյանց և համագործակցել տարբեր ոլորտներում։
Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև ԻԻՀ նախագահ Է. Ռաիսիի հետ, կողմերը քննարկել են ՀՀ և ԻԻՀ միջև մասնավորապես պաշտպանության ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր։ Իրան-Հայաստան բազմակողմանի և բազմաշերտ գործակցությունների ցուցակը կարող ենք շարունակել, սակայն բավարարվում եմ հենց այսքանով՝ վստահեցնելու համար, որ ՀՀ իշխանությունների շփումներն Իրանի հետ ոչ թե, ինչպես Իշխան Սաղաթելյանն է բնորոշում՝ «իմիտացիա» են, այլ ունեն ուժեղ և իրավական հիմքեր։ Երևի ՀՅԴ-ական գործիչը չի տիրապետում այս ամենին կամ էլ միտումնավոր սխալ ու թերի տեղեկություններ է ստանում Իրանում իր կուսակցական շրջանակի ընկերներից, ովքեր դաշնակցական մամուլում կամ նեղ շրջանակի համար նախատեսված իրենց քարոզներում փորձում են խանգարել Հայաստան-Իրան բարեկամական կապերին։ Հետևաբար դաշնակցական այդ գործիչը, հավատարիմ իր կուսակցական քնարին և ի հեճուկս Իրան-Հայաստան սերտացող հարաբերություններին, ձեռք բերված բազմաթիվ պայմանավորվածություններին, փորձում է Հայաստանի ներքին դաշտում պղտորել հանրության միտքը և միտումնավոր սեպ խրել Հայաստան-Իրան հարաբերություններում։ Իրանը Հայաստանի ռազմավարական բնական դաշնակիցն է և այդպիսին էլ կմնա»։
— Պարոն Շահմուրադյան, ի՞նչ եք կարծում՝ եթե ՀՀ-ի նկատմամբ Տավուշի հատվածից ագրեսիա լինի Ադրբեջանի կողմից, արդյոք Իրանը կմիջամտի՞։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Սյունիքի դեմ ոտնձգությունը իրենց համար անընդունելի է, իսկ ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ կարմիր գիծ։ Արդյոք Թեհրանի դիրքորոշումը նույնը կլինի նաև Տավուշի դեմ հնարավոր ոտնձգությա՞ն դեպքում։ Երբ այս հարցը հղել են ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, վերջինս արձագանքել է. «Եթե մենք ասում ենք՝ մենք աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը, դա միայն հարավին չի վերաբերում»։
— Դեսպան Սոբհանիի այս հայտարարությունը խիստ կարևոր նշանակություն ունի հենց Իրանի ազգային անվտանգության ապահովման հայեցակարգային իմաստով։ ԼՂ երկրորդ պատերազմից հետո Կովկասյան տարածաշրջանում սահմանների փոփոխությունը և արտատարածաշրջանային նոր ուժերի ի հայտ գալը, նրանց կողմից Իրանի դեմ ուղղված սպառնալիքները այդ երկրին ստիպեցին վերանայել արտաքին քաղաքականության մեջ իր ազգային անվտանգության սահմանումը՝ անհանգստանալով ոչ միայն ԱՄՆ-ի կամ Իսրայելի սպառնալիքների համար։ Այժմ Հարավային Կովկասում Ադրբեջանը և Թուրքիան նույնքան վտանգ են սպառնում Իրանի ազգային անվտանգությանը, որքան Իսրայելը, Արաբական որոշ երկրներ և ԻԼԻՊ ահաբեկչական խումբը։ Իրանի արտաքին քաղաքականության ապարատում «ազգային անվտանգություն» սահմանումն այժմ ընդգրկում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, հարևան երկրների սահմանների անփոփոխության սկզբունքը, երկրի և տարածաշրջանի տնտեսական անվտանգությունը, երկրի քաղաքական կայունությունը… Մի խոսքով, Իրանը տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում բազմավեկտոր քաղաքականություն է վարում տարբեր դերակատար ուժերի հետ։
Հաշվի առնելով, որ ՀՀ-ն վերջերս շարժվում է ԵՄ-ի հետ համագործակցության և եվրոպական տնտեսաքաղաքական կառույցներում ինտեգրման ուղղությամբ, Իրանի համար նաև կարևորություն է ստանում Հայաստանի և Վրաստանի միջոցով ԵՄ-ի հետ հարևանության և երթուղիների պահպանման կամ դիվանագիտական ուղիները բաց պահելու հնարավորությունը։ Այս համատեքստում կարելի է գնահատել Իրանի կողմից ՀՀ Սյունիքի մարզի անվտանգության ապահովման նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը կամ, ինչպես Իրանն է ասում՝ ՀՀ պետական սահմանների անձեռնմխելիության, սահմանների անփոփոխության սկզբունքի շեշտադրումը։ Ամեն դեպքում, Իրանն այժմ հասկացել է՝ ռազմական ուժը չպետք է օգտագործվի արտաքին քաղաքականության մեջ, այլ պետք է օգտագործել փափուկ ուժը՝ դիվանագիտությունը՝ երկրի դեմ ուղղված սպառնալիքների մակարդակը նվազեցնելու և աշխարհի բոլոր երկրների հետ համագործակցության հնարավորություն ապահովելու համար՝ անկասկած իր ազգային անվտանգությունն ու շահերն ապահովելու նպատակով։
ՀՀ Սյունիքի մարզի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից արված ագրեսիվ և ապակայունացնող քայլերին ի պատասխան Իրանը 2022 և 2023 թվականներին ձեռնարկեց իր հյուսիսարևմտյան Ատրպատական նահանգում Արաքս գետի սահմանների ողջ երկայնքով լայնածավալ ցամաքային և ՀՕՊ ուժերի զորավարժություններ, որի կանխարգելման ուղերձը հստակ էր տարածաշրջանի և հարևան երկրների համար, այն երկրների, որոնք փորձում էին թե Հայաստանի տարածքում և թե Իրանի սահմաններում լարվածություն կամ ագրեսիա առաջացնել։ Ինչ վերաբերում է ՀՀ-ի նկատմամբ Տավուշի հատվածից ագրեսիա իրականացնելու Ադրբեջանի կողմից սպառնալիքները կանխելու համար Իրանի ռազմական միջամտությանը, դա բացառվում է, և Իրանը չի փորձի ռազմական ներկայություն ունենալ Հայաստանում՝ այդ երկրի սահմանները պաշտպանելու համար, քանի որ դա նույնիսկ հակասում է միջազգային օրենքներին և չափանիշներին։ Սակայն Իրանը կարող է իր դիվանագիտական և անտեսանելի ներկայությամբ ու ռազմաքաղաքական ազդեցությամբ որոշիչ դերակատարություն ունենալ մյուս հարևան երկրի՝ Ադրբեջանի ոտնձգությունները կանխելու համար։ Ինչպես ասացի՝ Իրանն ավանդաբար միշտ պաշտպանել է ՀՀ-ին, և այդ պաշտպանությունն արտահայտվում է լոգիստիկ, դիվանագիտական, միջնորդական, տնտեսական և ռազմաքաղաքական անուղղակի աջակցությամբ։ Ի վերջո պետք է ընդունենք, որ ցանկացած երկրի, կոնկրետ դեպքում՝ ՀՀ սահմանների պաշտպանության առաջադրանքը վերապահված է տվյալ երկրի զինված ուժերին, և Հայաստա՛նն է, որ իր տարածաշրջանային և միջազգային գործընկերների օգնությամբ պետք է կատարի այդ առաջադրանքը։
— Ընդդիմությունը շատ է արծարծում ՀՀ-ում ԵՄ դիտորդների առկայության փաստը՝ այսպիսով անտեղի գրգռելով Իրանի ուշադրությունը, սպեկուլյատիվ մեսիջներ հղելով։ Թե՝ դիտորդների, որպես արտատարածաշրջանային ուժերի, ներկայությունը դուր չի գալիս Իրանին։ Իրանի իշխանություններն էլ, կարծես, ոչ միանշանակ են արտահայտվում հիշյալ դիտորդների մասին։ Ինչպիսի՞ն է ներկա պահին ԵՄ դիտորդների նկատմամբ Իրանի տրամադրվածությունը, և ինչպե՞ս է Իրանը վերաբերվում ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա էլ ավելի խորացմանը։
— Կեղծ ընդդիմության մաս կազմող ՀՅԴ-ն և նրա բջիջները արտասահմանում և մասնավորապես Իրանում նման թյուր տպավորություն են ստեղծում տեղի որոշ փորձագիտական շրջանակի և ԶԼՄ-ների մոտ, թե՝ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը չի համընկնում Իրան-ՀՀ շահերին։ Եվ նման հիմնազուրկ, պրիմիտիվ մեկնաբանություններով փորձում են պղտոր ջրից ձուկ որսալ ի նպաստ իրենց կլանային շահերի։ Դա էական և գործնական ոչ մի կարևորություն չունի Իրանի արտաքին քաղաքականության դիրքորոշման և մոտեցումների վրա։ Իրանն ունի արտաքին քաղաքականության մեծ փորձ և մինչ այժմ ոչ միայն հանդուրժել է ԵՄ դիտորդական առաքելություններն իր մերձավոր երկրների սահմաններում, այլև ավելին՝ կարողացել է 20 տարուց ավելի դիմագրավել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությանը ՀՀ-ից շատ ավելի կարևորություն ունեցող՝ Իրանի երկու մուսուլման և հարևան երկրներ Աֆղանստանում և Իրաքում։ Իրանը Թուրքիայից սկսած մինչև Պարսից ծոցի Արաբական երկրների ողջ ցամաքային և ծովային սահմաններ, հատկապես Պարսից ծոցի, Օմանի ծոցի և Հնդկական օվկիանոսի տարածքով ու երկայնքով ականատեսն է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական զգալի ու ծանր ներկայությանը, որը ոչ մի ազդեցություն չի ունեցել Իրանի տարածաշրջանային և միջազգային արտաքին ինքնուրույն քաղաքականության, այն կաշկանդելու վրա։ Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքին, ապա շեշտեմ՝ Իրանը հասկանում է ՀՀ-ի թույլ դիրքերը Կովկասում և ցանկանում է, որ այս երկիրն ավելի ինքնուրույն քաղաքականություն վարի տարածաշրջանում և ամրապնդի իր ռազմական ու քաղաքական դիրքերը։
Բնական է՝ Իրանի պաշտոնական արտաքին քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանային դաշինքների միջոցով անվտանգության ապահովման վրա՝ առանց ԱՄՆ-ի և արևմտյան ուժերի վրա հենվելու սկզբունքի, այն է՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ և, իհարկե, Իրանի առանցքայնությամբ, սակայն այդ քաղաքականությունը մինչ այժմ չի տվել իր պտուղները։ Մերձավոր Արևելքի երկրները փորձել ու փորձում են արտատարածաշրջանային գերտերությունների հետ բալանսավորել իրենց հարաբերությունները և հաճախ ստանալ արևմտյան տերությունների ռազմատեխնիկական ու անվտանգային աջակցությունն ու երաշխիքները։ Հայաստանի պարագայում, հակառակ կեղծ ընդդիմության այն պնդումներին, թե ՌԴ-ն պետք է երաշխավորի ՀՀ սահմանների անվտանգությունը, ապա պետք է ՀՀ տարածաշրջանային մյուս գործընկերներին և հատկապես բարեկամ Իրանին ևս հասկացնել, որ ՌԴ-ն ինքը Հարավային Կովկասի տարածաշրջանում համարվում է արտատարածաշրջանային և կես ասիական, կես արևմտյան ուժ, և որ նրա ներկայությունը ոչնչով չի տարբերվում ԵՄ անդամ երկրների ներկայությունից։ Ավելին, ԻԻՀ թշնամիներ ԱՄՆ-ի, Իսրայելի, արաբական երկրների և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներկայությունը ավելի ակնառու և շոշափելի է Ադրբեջանում, որն ավելի մեծ սպառնալիք է հանդիսանում Իրանի համար, քան ԵՄ դիտորդների ներկայությունը ՀՀ սահմաններում, որոնք ոչ մի կապ չունեն Իրան-Հայաստան պետական սահմանների հետ։ Այդ դիտորդական միսիան կատարվում է ՀՀ-Ադրբեջան խնդրահարույց սահմանների երկայնքով, և ոչ մի եվրոպացի դիտորդ կամ դեսպանության ներկայացուցիչ ներկա չէ նշածս սահմաններում։ Չպետք է մոռանալ, որ ներկայումս Իրանը ամենատարբեր խնդիրներով շարունակում է իր շփումները ԵՄ դիվանագիտական շրջանակների հետ, և ԻԻՀ ԱԳ նախարարը Մերձավոր Արևելքի ճգնաժամերի կամ Իրանի միջուկային ծրագրի և շատ այլ հարցերի վերաբերյալ ուղղակի կապվում կամ հանդիպում է արևմուտքցի իր գործընկերների կամ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ։
Հեղինե Մանուկյան
