Օրերս ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է. «ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ Ուզում եմ բոլորի համար պարզ լինի, որ ՀՀ-ում կա մե՛կ կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ»:
Այնուհետև տեղեկացանք, որ այդ մասին ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում ասել է Սամվել Շահրամանյանը: Այս թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
«Շահրամանյանի հայտարարության հատկապես ամենավերջին հատվածն ակնհայտորեն սլաքներ էր ուղղում դեպի ՀՀ ղեկավարություն, և, կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ նկատելի է որոշակի միտում Հայաստանի իշխանություններին որոշակի հարցերում մեղադրելու և նրանց համենայնդեպս ոչ լավ լույսի ներքո ներկայացնելու, իսկ վտարանդի կառավարության հետ կապված՝ մարդիկ, ըստ ՀՀ Սահմանադրության և օրենքների, կարող են հասարակական հիմունքներով ցանկացած միություն կազմել, և եթե Արցախի իշխանությունը ցանկանում է նման կերպ որոշակի սուբյեկտայնություն պահպանել, կարող էր գրանցել հասարակական կազմակերպություն կամ նմանատիպ ինչ-որ մի բան և դրա անունը դնել վտարանդի կառավարություն կամ Արցախի գերագույն իշխանություն, ինչը չի հակասի ՀՀ օրենքներին, բայց քաղաքական միավոր լինել նրանք չեն կարող: Եվ սա ակնհայտորեն Հայաստանի իշխանություններից գործողություններ կպահանջի, եթե նման փորձեր արվեն»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։
Խոսելով նաև Շահրամանյանի այն հայտարարության մասին, որ ինքը «հասկանում էր, որ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր», քաղաքագետն ասաց, որ դա իսկապես անօրինական է, բայց եթե նա հայտնում էր, որ այդպիսով կարելի է փրկել հայրենակիցներին, բայց փորձում էր խորամանկել, ապա լավ կլիներ, որպեսզի այդ գործընթացն ամբողջությամբ հաշվարկեին և իրականացնեին։
«Իսկ իրականացումը կենթադրեր Արցախի ԱԺ-ի կողմից, որը միակ մարմինն է, որն առաջնային մանդատ ունի և կարող է ժողովրդի անունից հանդես գալ դեռևս այս պահին, լավ կլիներ, որպեսզի Արցախի ԱԺ-ն դեռևս հոկտեմբերին, նոյեմբերին, երբ նոր էին եկել, զրկեր Շահրամանյանին լիազորություններից, և բնականաբար նրա կողմից ստորագրված հրամանագրերն էլ որևէ ուժ ունենալու հավակնություն էլ չէին ունենա։ Բայց Արցախի ԱԺ-ն, չգիտես ինչու, նման գործողություններ չի իրականացրել, ընդհակառակը՝ Շահրամանյանը շարունակում է Հայաստանում էլ ինչ-որ հրամաններ տալ կամ ինչ-որ գործողություններ իրականացնել, որոնք որոշակի չափով ցույց են տալիս, որ այնուամենայնիվ լիազորություններ ունի գոնե իրենց շրջանում՝ Արցախից եկած և Արցախի կառավարությունում նախկինում աշխատած մարդկանց շրջանում։ Դա ցույց է տալիս, որ հավանաբար, իմ գնահատմամբ, այս խորամանկելու գաղափարը հետագայում է ծնվել Շահրամանյանի մոտ և ԱԺ-ի հետ կամ այլ որոշում կայացնողների հետ համաձայնեցված չի եղել»,- ասաց քաղաքագետը։
Ապրիլի հինգին Բրյուսելում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Շատ փորձագետներ կարծում են, որ Հայաստանի ներսում տեղի ունեցող ահաբեկչության փորձերը, հիմա էլ ԼՂ որոշ շրջանակների կողմից «վտարանդի կառավարություն» ստեղծելու մասին հայտարարությունները հատուկ են արվում, որպեսզի ստվերվի կամ խոչընդոտվի այս հանդիպումը։
Այս առնչությամբ քաղաքագետն ասաց. «Ընդհանուր առմամբ, այն, որ ՀՀ-ն փոխում է վեկտորը, և Հայաստանը հեռանում է Ռուսաստանից, դա երևում է անզեն աչքով էլ, և այստեղ Շահրամանյանի հայտարարությունները գուցե և նպատակ ունեն Ռուսաստանից հեռանալու և դեպի Արևմուտք թեքվելու այդ ճանապարհին խոչընդոտներ հարուցել։ Իսկ ապրիլի 5-ի հանդիպումը բավականին արդյունավետ է լինելու։ Առաջին անգամ է նման ձևաչափով հանդիպում տեղի ունենում, և դա ուրախալի է և խոսում է այն մասին, որ Հայաստանն արդեն որոշակի արդյունքներ է գրանցել դեպի Արևմուտք թեքվելու ճանապարհին»,- ասաց քաղաքագետը։
Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս հանդիպումն իր բնույթով տնտեսական ուղղվածություն է ունենալու, բայց տնտեսությունը ևս անվտանգության անքակտելի մասերից մեկն է: Նա որպես օրինակ նշեց, որ այս պահին Հայաստանն իր անվտանգային խնդիրների մի որոշակի բաժին չի կարողանում լուծել, որովհետև տնտեսապես կապված է ԵԱՏՄ կոչվող այդ «ոչ ադեկվատ» հանրույթի հետ։
Քաղաքագետը նշեց, որ եթե տնտեսական դիվերսիֆիկացման ուղղությամբ ավելի մեծ ծավալներ տեսնենք, եթե տնտեսական նոր հնարավորություններ ունենա Հայաստանը, բնականաբար դա օգնելու է, նպաստելու է, որ կոնկրետ ռազմական անվտանգության հետ կապված էլ Հայաստանը կարողանա նոր հնարավորություններ ստանալ։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել «Известия»-ին և նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, միաժամանակ նշելով, թե իբր ՀՀ ղեկավարությունը «միտումնավոր քանդում է» հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։
Այս առումով քաղաքագետն ասաց, որ Ռուսաստանն աշխատում է հին մեթոդներով, ոչինչ չի փոխվում. «Տեսեք գործողությունների հերթականությունը՝ սկզբում Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, հետո Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարություն տարածեց և ի վերջո՝ ՌԴ ԱԳ նախարարը։ Սա հիերարխիայի աստիճանական բարձրացման մեթոդներից մեկն է, որն օգտագործվում է, երբ ավելի ցածր աստիճանին կանգնած պաշտոնյայի հայտարարությունն իր նպատակին չի ծառայում։ Ես համոզված եմ, որ Լավրովի հայտարարությունը ևս իր նպատակին չի ծառայելու, Հայաստանի նկատմամբ ատելությունն ավելի չի գեներացվելու, քան գեներացվել է Ռուսաստանում և մի քանի այլ երկրներում, այդ թվում նաև Հայաստանի որոշակի հատվածում։ Ես Հայաստանի իշխանություններին կոչ կանեմ ուշադրություն չդարձնել և շարունակել այն ուղղությամբ, որը որդեգրվել է»,- եզրափակեց Ռոբերտ Ղևոնդյանը։
Լիլիթ Թադևոսյան
