Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մեկնել է Լոռի, խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում, ապա պատրաստվում էր մեկնել Դսեղ: Այցից առաջ նրա անվտանգության աշխատակիցները մի քանի օր է խաթարել են դսեղցիների անդորրը` նախապատրաստական աշխատանքներն են իրականացրել` զննել են ամեն ծառ ու թուփ, բարձրացել տների տանիքներին եւ այլն։ Դսեղում մասնակցելու էր նորակառույց հիվանդանոցի բացմանը, որը կառուցվել է ոչ թե պետբյուջեի, այլ «Հայաստանի Մանուկներ Բարեգործական հիմնադրամ»-ի միջոցներով:
Ներդրումների ծավալը կազմել է 168 մլն դրամ: Դսեղում սպասում էին, որ Փաշինյանն է կտրելու «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր շենքի կարմիր ժապավենը: Վարչական ղեկավար Գառնիկ Հովսեփյանը հաստատեց մեր լուրը, այլ մանրամասներ չցանկացավ փոխանցել։ Պարզեցինք, որ մեծ ներդրումների արդյունքում կառուցված այս հիվանդանոցը դարձել է ոլորտի մասնագետների քննարկման թեման։ Բժշկական համայնքում կասկածներ ունեն, որ այդ հիվանդանոցը երկար կյանք կունենա` եթե չլինի բավարար պետական ֆինանսավորում։ Քանի որ անգամ եվրոպական հարուստ եւ ինքնաբավ երկրներում նման մասշտաբի մեծ հիվանդանոցները կառուցում են երկու մարզերի միջակայքում, կամ էլ շրջկենտրոններում: Դա ճիշտ է ռեսուրսախնայողության տեսանկյունից: Այս պարագայում բժիշկները կարում են, որ ճիշտ կլիներ շտապօգնության կայան հիմնել, որտեղ հիվանդներին առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո, կտեղափոխեին Վանաձորի հիվանդանոց։
