Ինչու է նորից աշխատանքի ընդունվել Լևոն Հակոբյանը, որն ազատվել էր նախկին նախարար Արսեն Թորոսյանի ղեկավարության օրոք

Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՀՀ առողջապահական գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ է նորից աշխատանքի ընդունվել առողջապահության նախկին փոխնախարար Լևոն Հակոբյանը, որն աշխատանքից ազատվել էր նախկին նախարար Արսեն Թորոսյանի ղեկավարության օրոք:

Ավանեսյանը նկատեց, որ Լևոն Հակոբյանն այն ժամանակ հեռացել էր աշխատանքից իր դիմումի համաձայն:

«Լինում է, որ մարդը ազատվում է աշխատանքից ու հետո որոշ ժամանակ անց նորից նշանակվում է պաշտոնին։ Վերջին ամիսներին նա իմ խորհրդական էր, հաշվի առնելով կատարած աշխատանքն այս ընթացքում՝ համարել եմ, որ նրա գիտելիքներն այս պահին մեզ անհրաժեշտ են»,- պարզաբանեց նա:

Անդրադառնալով հարցին, թե Հակոբյանի նշանակումը արվե՞լ է Արսեն Թորոսյանի հետ ունեցած հակասությունների շրջանակում՝ նախարարը ընդգծեց՝ Լևոն Հակոբյանին այդ պաշտոնին առաջադրելով՝ հաշվի է առել առողջապահության համակարգի բարելավման օրակարգը․ «Արսեն Թորոսյանի հետ գործընկերային է, լինում են քննադատություններ, որը շատ նորմալ է»։

Նշենք՝ Լևոն Հակոբյանը առողջապահության փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մարտին, երբ գերատեսչության ղեկավարը Արսեն Թորոսյան էր։ Նույն թվականի դեկտեմբերին նա ազատվել էր աշխատանքից։

Կիսվել սոց․ ցանցերում