Կառավարությունը հերթական նիստի ժամանակ ընդունեց Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդելու կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը սահմանելու մասին որոշումը:
«Նախագծով, ըստ էության, մենք առաջարկում ենք, որ յուրաքանչյուր դեպք քննվի պատշաճ, համակարգված, համապարփակ, կոնկրետ մասնագետներից կազմված խմբերի միջոցով, և հնարավոր լինի հստակ միջոցառումներ առաջարկել»,- նախագիծը ներկայացնելիս ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը մանրամասնեց, որ բռնության ենթարկված երեխաների պաշտպանության գործում հստակ ներգրավվածություն կունենան հետևյալ մարմինները.
«ՆԳՆ ոստիկանությունը. այս մարմինը բռնության ենթարկված երեխայի հայտնաբերումը և պաշտպանությունն ապահովելու հիմնական պատասխանատու մարմինն է, ԱՍՀ նախարարությունը, Միասնական սոցիալական ծառայությունը, խնամակալության և հոգաբարձության մարմինները, Առողջապահության նախարարությունը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները, որոնք կարող են ներգրավվել ըստ անհրաժեշտության՝ ելնելով դեպքից, ԿԳՄՍՆ-ն, ինչպես նաև մարզական և ուսումնական հաստատությունները. վերջիններս կներգրավվեն, որպեսզի երեխայի սոցիալականացումը տեղի ունենա անխոչընդոտ, բացառվի կրկնակի զոհականացումը, երեխայի կրթական իրավունքը վերականգնվի, և հաղթահարվեն դժվարությունները, մարզպետի աշխատակազմերը, Երևանի քաղաքապետարանը և ՀԿ-ները»:
Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց քաղաքականությունն է երեխայի հետ կապված դժվար իրադրություններում մաքսիմալն անել, որ երեխան մնա և շարունակի մնալ ընտանիքում:
«Սա բոլոր հարցերում մեր առաջնային քաղաքականությունն է, բայց կա մի նրբություն, որի վրա ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել՝ երեխան ոչ մեկի սեփականությունը չէ, սա շատ կարևոր արձանագրում է, և ես կարծում եմ, որ մենք սրա մասին էլ պետք է բարձր խոսենք: Այո, կան իրադրություններ, երբ պետությունը, Կառավարությունը պետք է միջամտի, երեխային դուրս բերի ընտանիքից, և պետությունը պետք է զբաղվի երեխայի դաստիարակությամբ: Ստանդարտը պետք է հստակ լինի՝ որն է այն գիծը, որից հետո Կառավարությունը պետք է երեխայի լավագույն շահից ելնելով՝ միջամտի և երեխային պաշտպանի այն ընտանիքից, որում նա գտնվում է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
