Ղազախստանը պատուհասել են վերջին 80 տարվա ամենամասշտաբային ջրհեղեղները

Ղազախստանը պատուհասած ջրհեղեղները դարձել են վերջին 80 տարվա ամենախոշոր աղետը, երկրի 10 շրջանում արդեն արտակարգ իրավիճակ է հայտարարվել, ասել է հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։ Այս մասին գրում է vedomosti.ru-ն:

Երկրի ղեկավարը դիմել է Ղազախստանի բնակիչներին՝ գարնանային հեղեղումների հետ կապված ծանր իրավիճակի ֆոնին։

«Տեղի է ունեցել տարերային աղետ, որի նմանը երկար տարիներ չի եղել։ Թերևս սա ամենամեծ աղետն է իր մասշտաբներով և հետևանքներով վերջին 80 և ավելի տարիների ընթացքում»,- ասել է Տոկաևը:

Ջրհեղեղների պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել Աբայ, Ակմոլա, Ակտոբե, Ատիրաու, Արևմտյան Ղազախստան, Կարագանդա, Կոստանայ, Պավլոդար, Հյուսիսային Ղազախստան և Ուլիտաու շրջաններում։

Հանրապետությունում ստեղծվել է շտաբ՝ վարչապետի գլխավորությամբ, որն իր տեղակալների և ԱԻ նախարարի հետ այցելում է տուժած շրջաններ, հավելել է պետության ղեկավարը։

Ջրածածկ են մնում 3171 մասնավոր բնակելի շենք և 179 բակային տարածքներ։ Ավելի քան 46,000 բնակիչ տարհանվել է: Ժամանակավոր տեղավորման կենտրոններում կա 12,541 մարդ։

Կիսվել սոց․ ցանցերում