Իրական ու «պատմական» Հայաստանների այս խիստ վտանգավոր հակադրումը, բացի այն, որ հրապարակային «դիսկուրսի» մակարդակում խիստ մակերեսային է, նաեւ պատմա-քաղաքական իմաստով ունի վտանգավոր ժամանակավրեպություն:
Չգիտեմ, այն արժե՞ 270+65 միլիեն եվրո, թե ոչ, բայց որ, իրականում ոչ թե Հայաստանի պետական սուբյեկտության ամրապնդման մեխանիզմ է, այլ հակառակը՝ Հայաստանի պետական սուբյեկտության «անդամհատման», կասկած չունեմ:
Եվ հարցը բոլորովին այն չէ, ինչ փորձ է արվում ներկայացնել «ֆոլկլորի» մակարդակով՝ թե մենք հավակնում ենք ինչ որ այլ պետությունների տարածքի եւ այլն: Հարցը գիտա-իրավա-քաղաքական է, հակառակ պարագայում այն որեւէ կերպ չէր հայտնվի միջազգային քաղաքականության օրակարգերում: Այն պահանջում է կառավարում, ինչպես պետականության սուբյեկտության ցանկացած ռեսուրս:
Այո, հայկական պետականության առանձնահատկությունն այն է, որ դրա սուբյեկտային ռեսուրսը դուրս է իր պետական սահմաններից: Ավելին, գործնականում բոլոր պետություններն են ձգտում սուբյեկտության այդպիսի ընդգրկուն եւ տարածական բազայի ձեւավորման, դրա համար ծախսում ահռելի ռեսուրսներ:
Մեր պարագայում, այդ ընդգրկումը ստացվել է հիմնականում պատմության ողբերգական կամ ցավագին դեպքերի ընթացքով: Բայց, այն կա եւ պահանջում է հմուտ կառավարում՝ հանուն Հայաստանի հանրապետության:
