Այսօր Ղազախստանում կա հայկական կապիտալով գրանցված ավելի քան 400 ընկերություն, Հայաստանում ղազախական կապիտալով մոտ 100 ընկերություն է գործում տնտեսության տարբեր ոլորտներում։ Ինչո՞վ է Հայաստանը գրավիչ ղազախ գործարարների համար և ինչպիսի՞ն են երկու պետությունների համար ներդրումային ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի «Egemen Qazaqstan» և «Казахстанская правда» թերթերին տված հարցազրույցում ասել է, որ ՀՀ կառավարության վարած «բաց դռների» քաղաքականության շնորհիվ Հայաստանում ներդրումային գործունեության սահմանափակումներ գործնականում չկան։ Կառավարությունը համակողմանի աջակցություն է ցուցաբերում օտարերկրյա ներդրողներին, այդ թվում՝ ղազախ գործընկերներին։
«Մենք առաջարկում ենք մի շարք ծրագրեր, որոնք պետական աջակցություն և ռեսուրսներ են տրամադրում ներդրումային նախագծերին, որոնք նպաստում են տնտեսական զարգացմանը և նորարարությանը: Նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ստեղծվել են բիզնեսով զբաղվելու համար բարենպաստ պայմաններ, տրամադրվում է հարկային արտոնությունների համապարփակ փաթեթ և գործում են պարզեցված ընթացակարգեր։
Հայաստանը հետևողականորեն վարում է բազմավեկտոր արտաքին առևտրային քաղաքականություն, և դա՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի շրջանակներում Ղազախստանի հետ ունեցած առևտրի արտոնյալ ռեժիմը, ինչպես նաև առևտրային և տրանսպորտային ուղիները դիվերսիֆիկացնելու նպատակով երկու երկրների տրանսպորտային և լոգիստիկ կարողությունները համատեղելու հնարավորությունը, մեր երկիրը գրավիչ է դարձնում ղազախ գործարարների համար»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով Հայաստանի և Ղազախստանի գործարար համայնքների ներկայացուցիչների միջև ներդրումները խթանելու նպատակով ուղիղ շփումների կարևորությունը։
«Երկու երկրների պետական կառույցները, վստահ եմ, իրենց հերթին կապահովեն կապիտալի համապատասխան պաշտպանությունը, ինչպես նաև ապահով և կանխատեսելի ներդրումային միջավայր»,- ասել է Փաշինյանը:
Ղազախստանն այսօր Կենտրոնական Ասիայի առաջատարն է թվայնացման ոլորտում՝ ֆինտեխից մինչև էլեկտրոնային կառավարում, և այս ուղղությամբ հետագա զարգացումը մնում է երկրի առաջնահերթությունների շարքում։ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արդիականացմանը և գիտելիքի տնտեսության զարգացմանը։ Այս ոլորտում ի՞նչ փորձով կարող են փոխանակվել Հայաստանն ու Ղազախստանը։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ՏՏ արդյունաբերությունը Հայաստանում վերջին տարիներին զգալի աճ է գրանցել՝ գործարարության համար բարենպաստ պայմանների, որակյալ աշխատուժի և կառավարության աջակցության շնորհիվ:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում ցույց է տալիս կայուն՝ տարեկան 20% աճ, այն դարձնելով երկրի ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկը։ Միջազգային ասպարեզում հայկական ընկերությունները մեծ համբավ ունեն ծրագրային ապահովման, մշակման, արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման, տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ֆինտեխ նորարարական ստարտափների ոլորտներում։
Հաշվի առնելով երկու երկրների՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ներկայացուցիչների միջև առկա մեծ փոխադարձ հետաքրքրությունը, կարծում եմ, որ աշխատանքը, որը տարվում է այս ոլորտներում փոխգործակցության կոնկրետ մեխանիզմների և ձևերի որոշման ուղղությամբ, տեսանելի ապագայում կարող է վերածվել հեռանկարային համատեղ նախագծերի»,- ասել է վարչապետը։
