Սահմանազատման գործընթացի արդյունքում ճանապարհներից զրկվելու հարց չկա։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Կա մի փոքր հատված Կիրանցի մասում, մի քանի 100 մետր, որը ռելիեֆային առումով հեշտ հատված է և մեր մասնագետները մի քանի ամսում էդ հատվածի հարցը կլուծեն։
Բացի այդ այնտեղ ունենք ևս մեկ այլընտրանքային ճանապարհ, որը կվերանորոգվի կամ գուցե կվերակառուցվի, դա Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհն է։
Ոսկեպարի ճանապարհը ևս խնդիր չի ունենա և ըստ էության բոլոր այն մտահոգությունները, որոնք ոսկեպարցիները բարձրացրել էին վարչապետի հետ հանդիպման ժամանակ, իշխանությունները, վարչապետն ականջալուր են եղել և դելիմիտացիայի հարցերի քննարկման արդյունքում էդ հատվածի դելիմիտացման հարցն առայժմ օրակարգում չէ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Ինչպես ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը, որի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) — Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) — Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) — Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) — Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով։
