Ապրիլի 29-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպի գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտերից մեկում տղամարդու դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները մոտ 1 ժամ 5-7 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել դաշտերում և ի վերջո գտել են դեպքի վայրը: Հայտնաբերել են մահացածին, ում կողքին եղել է հրազեն, մարմնի կողքին՝ զամբյուղի մեջ, հայտնաբերել են սպանված շանը:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանում բնակվող 55-ամյա Ալեն Ծ.-ն է: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, նշել են, որ ըստ մահացածի ազգականների, մինչ դեպքը նա հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել հարազատներին ու հայտնել, որ գտնվում է ինչ-որ դաշտավայրում, որից հետո իր անվամբ հաշվառված հրազենով կրակել է շան վրա, ապա ինքնասպան եղել։
