Երկակի ստանդարտների սարդոստայնում

2003-2004  թվականներին, հետագայում էլ 2008թ. ՀՀ նախագահի ընտրություններից հետո քաղաքական պայքարի ակտիվ մասնակիցները, լրագրողներն ու իրավապաշտպանները հիշում են, թե Ռոբերտ Քոչարյանի հրահանգով քանի-քանի ընդդիմադիր գործիչներ, քաղաքացիներ ձերբակալվեցին շինծու մեղադրանքներով եւ ամիսներ ու տարիներ անցկացրեցին անազատության մեջ։ Հատկապես 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո զանգվածային կերպով ազատազրկվեցին ՀՀ առաջին նախագահ, այն ժամանակ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամները, պարզապես նրա հանրահավաքներին մասնակցող քաղաքացիներ, որոնց հիմնականում մեղադրանք էին առաջադրել զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանությունը յուրացնելու փորձի  համար։ Հետագայում նրանք, դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հաղթեցին, պետությունն էլ նրանց փոխհատուցեց անազատության մեջ անցկացրած ամիսների կամ տարիների դիմաց։

Իրավապաշտպանները, միջազգային կառույցները խուսափում էին նրանց անվանել քաղբանտարկյալ, քանի որ այն ժամանակ չկար դրա հստակ սահմանումը։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, որը քանիցս այցելեց Հայաստան, տեսակցեց ազատազրկված ընդդիմադիր գործիչների հետ, եւս խուսափում էր նրանց անվանել քաղբանտարկյալ, մի առիթով նրանց անվանեց խղճի բանտարկյալներ։

2012թ. հոկտեմբերի 3-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւով վերահաստատեց 2001թ. իր կողմից ընդունված չափանիշներն առ այն, թե ովքեր կարող են համարվել քաղբանտարկյալ։

Ըստ այդ բանաձեւի՝ քաղբանտարկյալ կարող են համարվել,  եթե

  • անձը ազատազրկվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և կից արձանագրություններով երաշխավորված հիմնարար իրավունքներից/ազատություններից որևէ մեկի խախտմամբ, մասնավորապես խղճի, մտքի, կրոնի, արտահայտման, տեղեկատվության, հավաքների, միավորումների ազատության,
  • անձի ազատազրկումը տեղի է ունեցել զուտ քաղաքական պատճառներով՝ առանց որևէ հանցանքի հետ առնչություն ունենալու,
  • քաղաքական դրդապատճառներով ազատազրկման ժամկետը կամ պայմանները հստակորեն անհամաչափ են այն հանցանքին, ինչի համար անձը մեղավոր է ճանաչվել կամ կասկածվում է,
  • քաղաքական դրդապատճառներով անձը այլ անձանց համեմատ խտրական կերպով է ազատազրկվել, կամ
  • ազատազրկումը արդյունք է հստակորեն անարդար դատավարության, ինչը առերևույթ կապված է իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ:

Բանաձևում նաև հստակորեն սահմանվում է, որ ահաբեկչական գործողությունների համար ազատազրկված անձինք չեն կարող համարվել քաղաքական բանտարկյալներ:

Քանի որ վերջին շրջանում ընդդիմադիր համարվող տարբեր ուժեր  հաճախ են հայտարարում, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ (իրականում նրանց նշած անձանց առաջադրվել են տարբեր մեղադրանքներ, հիմնականում՝ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ), ապա նրանք պարտավոր են ներկայացնել նաեւ, թե ԵԽԽՎ-ի բանաձեւի որ կետի համաձայն են այդ անձինք համարվում քաղբանտարկյալ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի որ կետերն են խախտվել նրանց ազատազրկման ընթացքում։

Իրավագիտությունը լիրիկա չէ, ունի հստակ սահմանումներ։ Այսօր իրենց համախոհներին քաղբանտարկյալ են հռչակել այն գործիչները, քաղաքական ուժերը, որոնք իրենց իշխանության տարիներին ոչ մի կերպ չէին ընդունում, որ ընտրակեղծիքների, բռնությունների դեմ դուրս եկած եւ պայքարած, ազատազրկված  ՀՀ քաղաքացիները  քաղբանտարկյալներ են։

Թագուհի Հակոբյան

 

 

Կիսվել սոց․ ցանցերում