«Ոչ մի տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսքը, որ շինիչ է և օգտակար, որպեսզի շնորհով լցվի նա, ով այն լսում է։ Եվ մի տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար։
Ամեն դառնություն, բարկություն, զայրույթ, աղաղակ և հայհոյություն թող վերանան ձեզնից՝ իրենց չարությամբ հանդերձ։
Միմյանց հետ եղեք քաղցր, գթած՝ ներելով միմյանց, ինչպես որ Աստված ներեց մեզ Քրիստոսով» (Եփես. Դ 29-32):
Երբ Կիրանցում մի քանի օր էր, ինչ տեղի էին ունենում սահմանազատման դեմ «ինքնաբուխ» բողոքի ակցիաները, դրանք առաջնորդող Բագրատ արք. Գալստանյանն իրեն ուղղված (իրավացի, որոշ դեպքերում էլ հանիրավի) քննադատություններին արձագանքել էր՝ հղում անելով իրավունքին, այն է՝ պետք է իրեն վիրավորողներն ու զրպարտողները դատարանի առաջ պատասխան տան, և մեկ էլ՝ եկեղեցու սպասավորի վարքականոնին, թե՝ «մեջս, անկեղծ, ո՛չ թշնամություն կա, ո՛չ ատելություն, ոչ մի բան, երևի կյանքումս առաջին անգամ է, որ այնքան հանգիստ ու խաղաղ եմ, որովհետև ճշմարտության մասին են մեր ասածները»։ «Ես օրհնում եմ իրենց, շատ եմ օրհնում»,- ինչպես վայել է հոգևորականին՝ հայտարարել էր Տավուշի թեմի առաջնորդն ի պատասխան իր անձն ու գործողությունները քննադատողների։ Կիրանցից Երևան հասած և վարչապետի թեկնածու դառնալու հավակնություններ ի ցույց դրած հոգևորականը, սակայն, «քաղաքական վոյաժների» ընթացքում ոչ միայն մի քանի անգամ «վերաբրենդավորեց» իր պայքարը՝ սահմանազատման դեմ բողոքը փոխակերպելով հանուն իշխանափոխության պայքարի, ոչ միայն սրբագրումների ենթարկեց իր լոզունգները, մասնավորապես «ոգին հաղթելու է դուխին» կապակցության մեջ «ոգին» դարձնելով «հոգի», այլ նաև փոխեց իր՝ եկեղեցականին վայել և պատշաճող վարքագիծը՝ հոգևոր բարձր դասի ներկայացուցչից վերածվելով ամենաշարքային՝ աշխարհական գործչի, որին դժվար է այլևս տարբերել քաղաքական փեշակությամբ ապրուստ հոգացող համբակներից։ («Համբակ» բառի քաղաքական կիրառման հեղինակային իրավունքն, ի դեպ, Գալստանյանին սատարող գործիչներից մեկի՝ Սերժ Սարգսյանի երբեմնի խոսափող Հ1-ի մեկնաբան Աբրահամ Գասպարյանինն է)։
Սրբազան հոր մկրտությունն այդ կարգավիճակում տեղի ունեցավ երեկ, մայրաքաղաքում, Աստծու տներից մեկի բակում հավաքված բազմության առաջ, երբ հանրային համերաշխության և միասնականության բարձրագոչ քարոզիչը անհատապես թիրախավորեց իր հոտի անդամներից մեկին՝ շուրթերը, ինչպես կասեր բանաստեղծը, պղծելով այնպիսի ոչ ստերիլ բառապաշարով, որի հեղինակային իրավունքը պատկանում է հանրությանն իր հայհոյախոսությամբ հայտնի պերսոնին։ Հոգևոր դասի բարձր ներկայացուցչի թիրախում Արամ Զավենի Սարգսյանն էր, որին հրապարակավ անվանարկելու պատճառը, պարզվեց, ոչ թե վերջինիս՝ քրիստոնյային անվայել պահվածքն է եղել, այլ որպես քաղաքական գործիչ ունեցած հրապարակային ելույթները, նրա անհամաձայնությունը սրբազանի գլխավորությամբ տեղի ունեցող գործընթացի վերաբերյալ։ Եվ ահա, նույն այս հոգևորականը, որը Կիրանցում գտնվելու օրերին օրհնություն էր բաշխում իրեն քննադատողներին ու հավաստիացնում, որ չի ախտահարվել աշխարհիկ կյանքով ապրող մահկանացուների տկարություններով՝ թշնամանք, ատելություն, չարություն, ատելություն, բամբասանք, հեգնանք ու ժանտ էր ժայթքում իրեն չսատարող, իր հոտի ներկայացուցչի հասցեին։ Գուցե «հոգու» վերանվանված և «դուխ»-ին հաղթել պատրաստվող «ոգին» (դևը, չարքը) էր, որ եկեղեցական տոնի՝ Հոգեգալստյան օրով գլուխ էր բարձրացրել Գալստանյանի ներսում և նրա լեզվից քաշելով ստիպում էր բարբառել մտքեր, որոնք դժվար է «սրբազան» կոչվողին պատշաճող համարել։ Իսկ այ ռևանշիստների և «քաղաքական աբիժնիկների» սրտից բխած խոսք, որն արտաբերելու համար ընտրվել է Պետրոսի որդու՝ Աստծուն ծառայող բերանը, հաստատապես կարելի է համարել։ Նկատենք, որ Արամ Սարգսյանն այն քաղաքական ուժի ղեկավարն է, որը մշտապես հանդես է եկել պրոարևմտյան կողմնորոշման ջատագովությամբ։ Եվ մինչ սրբազանը Սարգսյանի անձն էր պիտակավորում՝ անդրադառնալով ընդհուպ վերջինիս մազերի ծալքերին ու մատանուն, վերջինս բաց նամակով դիմեց աշխարհասփյուռ հայությանը՝ ազդարարելով (https://civic.am/politics/armenia/148080—.html)՝ «ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելը և հանրաքվեով ամրագրելը ՌԴ-ից պոկվելու միակ հնարավոր միջոցն է»։ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն»-ը և ևս երեք կուսակցություն՝ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունն ու «Քրիստոնյա-Ժողովրդավարական» կուսակցությունը՝ որպես ժողովրդավարական ուժեր, հիշեցնենք, օրերս միասնական հարթակ են ձևավորել: Նրանց կողմից տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ այս չորս ուժերն իրենց վճռականությունն են հայտնել ջանքեր գործադրելու «Հայաստանի անկախության և ինքնիշխանության կայացման և եվրոպական ինտեգրման գործում, որը տեսնում են Հայաստանի արևմտյան քաղաքականության ուժգնացման և Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Հայաստանի լիիրավ անդամակցության մեջ»։ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, նկատենք, ևս այս ընթացքում քանիցս իր անհամաձայնությունն է հայտնել «Գալստանյան» շարժման վերաբերյալ, ինչից հետո, ինչպես և սպասելի էր, թիրախավորվեց՝ եկեղեցու «մամլո դիվանի» կողմից աննախադեպ կոշտ արձագանքի արժանանալով։ Այնպես որ, պատահականություն չէ պրոԵՄ-ական ուժերի ներկայացուցիչների՝ «սրբազան» շարժման կառավարիչների և դերակատարների թիրախում հայտնվելու պրակտիկան։
Մասնավորապես երեկ սրբազանի՝ այլևս պղծված շուրթերով բարբառում էին «ոգին» և «ոգուց» սնունդ ստացող ու թելադրվող ուժերը, որոնք, որպես ֆուտլյար օգտագործելով Գալստանյանին, արդեն հասկացել են՝ հերթական անգամ ոտքներին են գցել իշխանափոխության «պլանը»։ Հոգեկան այն ցնցումներն ու անհավասարակշիռ վարքագիծը, որն այս ընթացքում ցուցաբերում է շարժման առաջնորդը, հենց այդ՝ ոտքերին գցված ցավի արտահայտումն են։ Սրբազանի «բինտած ու յոդած» ոտքերի լուսանկարը համարենք ասվածի խորհրդանշական առաջին ապացույցը։
Եվ ուրեմն, պսևդոփրկչական այս պայքարի հենց այս փուլում թերևս պետք է արձանագրել «ոգու» հաղթանակը «հոգո՛ւ» նկատմամբ և օր առաջ քաղաքական ասպարեզից իզոլացնել «արքության» աստիճանով քաղաքական գործչին ՝ վերաուղեգրելով տաճարի պատերից ներս՝ քաղաքական աղտեղության մեջ ներքաշվելու հետևանքները հաղթահարելու, ռեաբիլիտացվելու և նորից իր հոտի հովվի դերում հանդես գալու համար։ Հայ ժամանակակից քաղաքական դաշտը կարող է համակերպվել քաղաքական հերթական գործչի «զոհվելու» և կամ «ինքնասպանության» փաստին, հատկապես, որ այս ողջ ընթացքում այդպիսի դեպքերի պակաս չի զգացվել, իսկ այ եկեղեցին թերևս պետք է առանձնակի նախանձախնդրություն ցուցաբերի իր անունից հանդես եկողների «ինքնասպանությունը» կանխարգելելու հարցում, եթե, իհարկե, հենց ինքը չի հանդես գալիս որպես նման արարքի դրդիչ ու սատարիչ՝ փաստորեն, կամավորապես «մատաղ լինելով» քաղաքականությանը։
Հ.Գ. Միամիտ չենք, որ ենթադրենք, թե եկեղեցին կսաստի իր սպասավորին երեկվա «թուլության» համար կամ էլ «հետ կկանչի» այն միսիայից, որն այսօր իր ուսերին տանում է Գալստանյան ազգանունով անձը։ Ի սկզբանե հասկանալի էր՝ սա այն դեպքն է, երբ գործում է «ձեռք ես տվել՝ պիտի խաղաս մինչև վերջ» սկզբունքը, այլապես Գալստանյանը Կիրանցից Հանրապետության հրապարակ չէր հասնի։ «Խաղի» ելքն ակնհայտ է հանրության՝ քիչ թե շատ ադեկվատ հատվածին, եկեղեցուն՝ նույնպես, համոզված ենք։ Բայց որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդի մեզ առավելապես հուզում է հետևյալ հարցը՝ նման «զոհաբերությունից», «վա բանկ» գնալուց հետո եկեղեցին ի վիճակի կլինի՞ առերեսվել այն թունավոր ճշմարտությանը, որ պարտվել է «ձայն բազմացին» և կապիտուլյացիայի ենթարկվել որպես այլևս «քաղաքական կազմակերպություն»։
Հ. Մանուկյան
