Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ եթե Վազգեն (Բագրատ) Գալստանյանը և նրա թիկունքում կանգնած ուժերը մտադրություն ունեն Հայաստանում գտնվող արցախցիներին մոբիլիզացնել շարժման շուրջ, ուրեմն արդեն իսկ տանուլ են տվել, քանի որ, ըստ նրա, ԼՂ պաշտոնյաները վարկաբեկված մարդիկ են արցախցիների շրջանում:
«Նրանք շատ լավ հասկանում են այն դերակատարությունը, որը այդ իշխանություններն ունեցել են Արցախի անկման հարցում, այնպես որ, եթե ուզում են աշխատել արցախցիների հետ, պետք է այլ բան փորձեն, որովհետև Արցախի պետական պաշտոնյաները վաղուց են իրենց սպառել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը:
Ստեփանյանը շարժման առաջարկած այլընտրանքային ծրագիրը չի տենսնում. «Ես՝ որպես ՀՀ չկողմնորոշված քաղաքացի ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ են առաջարկում: Ասում են՝ սահմանզատումը վատ է, հասկացանք, իրենք ավելի լավ բա՞ն են առաջարկում, թող ներկայացնեն, մենք էլ լսենք, իսկ եթե չկա այլընտրանքային գործողությունեների ծրագիր, ուրեմն չկա այլընտրանք: Փոխել Նիկոլ Փաշինյանին Գալստանյանով կամ Դանիելյանով կամ Պետրոսյանով, ես չեմ պատրաստվում, որվհետև այդտեղ չկա որևէ ռացիանալության հիմք: Նրանք ուզում են գալ իշխանության, լավ են անում, բայց ուզենալը շատ քիչ է»:
Ստեփանյանի դիտարկմամբ՝ շարժումը աշխատում է տարբեր կենտրոնների հետ, սակայն դրա շուրջ համախբում չկա: Ըստ նրա՝ դա են վկայում Գալստանյանի հավաքները, որոնց մասնակիցողները օր օրի նվազում են:
«Եվ որքանով պակասում է մարդկանց քանակը փողոցներում, այդքանով աճում է մնացածների ագրեսիվության աստիճանը, դա փաստ է: Եվ երկրորդ՝ այդ ագրեսիվությունը ստանում է շատ դժվար ընկալելի և անձամբ ինձ համար անընդունելի երևույթներ, այդ թուքումուրը, «թուրք»-ը, որ աջուձախ բոլորի վրա շպրտում են, դավաճանը: Այն, որ այդ սրբազան շարժումը պետք է տոլերանտություն գեներացնի, մարդկանց հավաքի մեկ գաղափարի՝ միգուցե կրոնի շուրջ, մենք տեսնում ենք լրիվ հակառակը, բաժանանար գծեր են տանում հասարակության մեջ, մարդկանց պառակտում են: Նորից եմ ասում՝ ագրեսիվությունը արդեն բոլոր չափերն անցնում է, և սա շատ մտահոգիչ է: Ինչ է նշանակում մարդը եկել է եկեղեցի, Բագրատը նրան դուրս է հրավիրում միայն այն պատճառով, որ այդ մարդը իրենց, այսպես կոչված, շարժման համակիր չէ»,- ասում է նա:
Քաղաքագետը մտայնություն է հայտնում՝ նկատելով՝ տպավորություն է, որ Գալստանյանը սեփականաշնորհել է եկեղեցին. «Եկեղեցին Բագրատի սեփականությո՞ւնն է, եթե սեփականաշնորհել են, թող ասեն, մենք էլ իմանանք՝ ինչպես վերաբերվենք այդ եկեղեցուն, որովհետև սա հոգևոր հորը հարիր չէ: Նա նույնիսկ իր թշնամուն պիտի ընդունի այդ եկեղեցում. եթե մարդը եկել է պատարագ լսելու, իրավունք չունես նրան դուրս հանել: Կարծում եմ, որ նույն Բագրատը և նույն «սրբազան» շարժման մասնակիցները այդպիսի գործողություններով միայն և միայն կրակում են սեփական ոտքին, որովհետև մարդիկ այդ ամենը տեսնում են և հոգնել են այդ ատելությունից ու ագրեսիայից»:
Կրկին վերադառնալով արցախցի պաշտոնյաների հետ հանդիպմանը և դրա ժամանակ Վազգեն Գալստանյանի հնչեցրած այն մտքին, թե իրենց ծրագրերը իրագործելի են միայն վարչապետի հրաժարականի դեպքում՝ Ստեփանյանն ասում է՝ դա ընդամենը բարի, կամ այս դեպքում չար ցանկություն է. «Անձամբ Բագրատը շատ մեծ սխալ է գործել, երբ այս շարժումը սկսել է, որովհետև այդ ամենը շատ լուրջ և նեգատիվ կերպով անդրադառնալու է իր սեփական իմիջի վրա, եթե չխոսենք եկեղեցու իմիջի մասին»:
Հերմինե Կարապետյան
