Ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկ լինելը կոչվում է ջրհեղեղ:
Ջրհեղեղները կարող են առաջանալ.
— երկարատև առատ տեղումներից.
— սառցադաշտերի և ձյան հալոցքի ժամանակ մեծածավալ և կենտրոնացված ջրի հոսքից.
— ջրամբարների փլուզումներից.
— հիդրոկայանների պատնեշների ճեղքումից.
— ծովային փոթորիկներից.
— ցունամիներից.
— երկրի մակերևույթ ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից:
Ի՞նչ անել մինչև ջրհեղեղը
— Միշտ պատրաստ ունեցեք աղետի կապոց:
— Պատրաստեք ավազով լցված պարկեր:
— Մաքրեք կոյուղին:
— Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար):
— Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին:
— Կապիտալ շինարարություն կազմակերպեք միայն պետական համապատասխան մարմինների թույլտվությամբ:
— Նախատեսեք փրկարարական միջոցների պահուստներ (փրկարարական օղակ, փրկաբաճկոն և այլն):
— Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր:
— Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ:
— Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը:
— Հետևեք տարահանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին:
— Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները:
— Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն):
— Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր:
— Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն):
Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ
— Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում:
— Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք:
— Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար:
— Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար:
— Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից:
— Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան և այլն):
Ի՞նչ անել ջրհեղեղից հետո
Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը`
— հիմքի ամբողջությունը.
— պատերի, պատուհանների և հատակի վիճակը.
— հաղորդակցության համակարգը.
— թունավոր օձերի հնարավոր առկայությունը.
— ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով.
— խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո.
— մի օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը.
— նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը` ստուգեք դրանց վնասվածության աստիճանը.
— հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին.
— վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում.
— առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքներ:
