Հայաստանի Հանրապետության 5 մարզի 17 երգչախումբ՝ շուրջ 500 մասնակցով։ Այս կազմով Գյումրու Կամերային երաժշտության դահլիճում անցկացվեց «Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնը:
Այն արդեն 3-րդ տարին կյանքի է կոչվում Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ջանքերով։
Հանրապետական մրցույթ-փառատոնը կազմակերպվել ու անցկացվել է ամեն մանրուք հաշվի առնելով, ընդունված նորմերին համապատասխան։
«Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնն անցկացվում է երեք՝ A, B, C դասակարգումներով։ Մրցանակային տեղերը, համապատասխանաբար, I, II, III կարգի դիպլոմներով տրվում են յուրաքանչյուր երեք անվանակարգի համար։ Կարգ A դասակարգմամբ փառատոնին մասնակցում են առանձին պրոֆեսիոնալ երգչախմբերը, երաժշտական բուհերի և քոլեջների, ինչպես նաև երաժշտական և արվեստի դպրոցների երգչախմբերը։ Կարգ B դասակարգմամբ փառատոնին մասնակցում են միայն արվեստի և երաժշտական դպրոցների երգչախմբերը։ Կարգ C դասակարգմամբ փառատոնին մասնակցում են հանրակրթական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, մշակութային և հասարակական կազմակերպությունների երգչախմբերը»,- ասում է քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Փառատոնի մասնակիցները նշում են, որ մասնակցության հնարավորությունից զատ, սա նաև փորձի փոխանակման, նոր գիտելիքի ու հմտության յուրացման լավագույն հարթակներից մեկն է, որին սիրով են մասնակցում, քանի որ պրոֆեսիոնալ ժյուրիի հետ մասնագիտական քննարկման և մտքերի փոխանակման, առողջ քննադատություն լսելու հնարավորություն են ունենում։
Թովմասյանն ասում է՝ մեծ ուշադրություն է դարձվել նաև փառատոնի բրենդավորմանը։ Գրչից մինչև նոտատետր, պայուսակ ու կրծքանշան նույն ոճի մեջ են, քանի որ փառատոնի հանրահռչակման իմաստով սա առանցքային նշանակություն ունի։
«Փառատոնի լրջությունը նաև այսօրինակ մանր թվացող, բայց կարևոր դետալների մեջ է։ Առանձին պայուսակներ ենք պատրաստել յուրաքանչյուր խմբի համար, որում բացի գրիչ, նոթատետր, կրծքանշանից, նաև դրված է Հովհաննես Շիրազի գրքերից։ Քանի որ Շիրազի 110-ամյակն է, ուզել ենք, որ Գյումրու հյուրերն իրենց հետ Շիրազ տանեն»,- ասում է Թովմասյանը։
Այս տարի փառատոնն անխախտ ևս մեկ ավանդույթ է պահպանել։ Գյումրու արվեստի ու երաժշտական դպրոցների միասնական երգչախումբը նոր կատարմամբ է հանդես եկել։ Շուրջ 200 մասնակից երգել է Շառլ Ազնավուրի հայտնի՝ «Քեզ համար, Հայաստան»-ը։
«Այս երգը երեխաները պրոֆեսիոնալ ստուդիայում ձայնագրվել են։ Այն գործիքավորել է Արմեն Ձամուկաշվիլին՝ «Անի» փողային նվագախմբի տնօրենը, և նվիրել մեր միասնական աշակերտական երգչամբին։ Ազնավուրի երգի հետ կապված մեծ ծրագերր կան առաջիկայում, հենց դրա համար էլ այն գործիքավորվեց հատուկ երգչախմբի համար»,- նշում է Թովմասյանը։

