Նետվել են քարեր, շշեր, ճայթուկներ, հնչել՝ ԱԳՆ շենքը գրшվելու կոչեր, 7 ոստիկան տուժել է, ձերբակալվել է 28 անձ

Առերևույթ զանգվածային անկարգություններ՝ մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ. մասնակիցներ են ձերբակալվել. միջոցներ են ձեռնարկվոմ՝ կազմակերպիչների եվ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

«2024թ. մայիսի 31-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպիչների և մասնակիցների կողմից իրականացվող անհնազանդության գործողությունների ժամանակ պահպանության ենթակա՝ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց 3 Կառավարական տուն 2 հասցեում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք մուտք գործելու նպատակով, ոստիկանական պատնեշը հաղթահարելու համար, բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ։

Ակցիայի մասնակիցների շրջանակից նշված վայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների ուղղությամբ նետվել են քարեր, ջրով լցված տարաներ, ծխարձակող ճայթուկներ և այլ առարկաներ։

Զանգվածային անկարգությունների մասնակիցներից ոմանք այդ գործողությունների ժամանակ հնչեցրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը գրավելու կոչեր:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, որի շրջանակներում 28 անձ տեղափոխվել է Ոստիկանության բաժին:

Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը), նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարզվել է, որ Ոստիկանության 7 աշխատակից դիմել է բուժօգնության, բուժհաստատություններ են դիմել նաև մասնակիցներից։

Որոշումներ են կայացվել, հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված 28 անձանց ձերբակալելու վերաբերյալ։

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ առերևույթ անկարգությունների կազմակերպիչ և մասնակից անձանց ամբողջական շրջանակը, յուրաքանչյուրի ինքնությունը պարզելու, նրանց արարքներն անհատականացնելու, նշված անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Այդ նպատակով ուսումնասիրվում են նաև առերևույթ զանգվածային անկարգությունների ընթացքի նկարագրությանը վերաբերող, համացանցում առկա տեսանյութերը։

Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանությանը տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այսօր վաղ առավոտից Վազգեն Գալստանյանը համակրների հետ քայլերթով գնացել է դատախազության շենք, նրանց մեղադրել անաչառ չլինելու հարցում, այնուհետև նա աջակիցներին ուղղորդել է արտգործնախարարության շենք և շենքի դիմաց պահանջել է հանդիպում նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ տվյալ պահին նպատակահարմար չեն համարում հանդիպում կազմակերպել: Ոստիկանությունն էլ տեղեկացրել է, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում՝ հորդորելով ցուցարարներին ձեռնպահ մնալ խախտման որևէ գործողությունից:

Գալստանյանը սկսել է սպառնալ, որ լրագրողների և իր համակրների հետ կմտնի շենք:

Որոշ ժամանակ սպասելով՝ հոգևոր սպասավորի կարգավիճակը սեռացրած Գալստանյանը ոստիկանների հետ բախում է հրահրել՝ փորձելով մտնել նախարարություն: Նրա համակիրները դարձել են անկառավարելի, շշեր և այլ առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ, հասցրել են հարվածներ: Գործողությունների ժամանակ վիրավորվել են ակտիվիստներ և ոստիկանության աշխատակիցներ՝ տեղափոխվելով բուժհաստատություններ:

Հասարակական կարգը պահելու համար ոստիկանությունը բերման է ենթարկել անկառավարելի վարք դրսևորած ցուցարարներին:

Այսօր ևս չհասնելով իր առջև դրված նպատակներին՝ Գալստանյանը համակրներին ուղղորդել է Սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ նրանց հորդորել է դիտորդի կարգավիճակում չմնալ, այլ գործողություններ իրականացնել:

Կիսվել սոց․ ցանցերում