Ինչպես հայտնել էինք, Վազգեն (Բագրատ) Գալստանյանը առավոտյան համակիրների հետ գնացել էր Քննչական կոմիտե, պահանջել հանդիպում կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի կամ կառույցի այլ պաշտոնյաների հետ:
Գալստանյանն ասել էր, թե այս գործողություններով սատարում են այն անձանց, որոնք Արտաքին գործերի նախարարության դիմացից զանգվածային անկարգությունների մասնակից լինելու կասկածանքով ձերբակալվել են:
Մի քանի ժամ Քննչական կոմիտեի դիմաց ակցիա անելուց հետո Գալստանյանը աջակիցներին հորդորել էր հեռանալ՝ ասելով, թե հասել են իրենց նպատակին, ձերբակալվածներին մեղադրանք առաջադրված չէ, և նրանք ազատ կարձակվեն:
Գալստանյանը, սակայն, մանիպուլացրել է, քանի որ, եթե ձերբակալումից հետո մեղադրանք չի առաջադրվում, ինքնաբերաբար ձերբակալվածները ազատ են արձակվում, և դա ոչ թե ճնշման, այլ օրենքի պահանջն է:
Միաժամանակ նշենք՝ սա չի բացառում, որ նրանցից ոմանց նկատմամբ կարող է քրեական հետապնդում հարուցվել։
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Արտաքին գործերի նախարարության դիմաց իրավիճակը լարվել էր: Ըստ Քննչական կոմիտեի՝ Գալստանյանի աջակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր, ջրով լցված տարաներ, ծխարձակող ճայթուկներ և այլ առարկաներ։ Զանգվածային անկարգությունների մասնակիցներից ոմանք այդ գործողությունների ժամանակ հնչեցրել են Արտաքին գործերի նախարարության շենքը գրավելու կոչեր: Ոստիկանության 7 աշխատակից դիմել է բուժօգնության, բուժհաստատություններ են դիմել նաև ակցիայի մասնակիցներից։
Ձերբակալվել է 28 անձ:
