Արսեն Սողոմոնյանը Վերդիի «Օթելլոյի» կատարմանը տպավորիչ ելույթ է ունեցել. միջազգային լրատվամիջոցները անդրադարձել են նրան

Օրերս հայտնել էինք, որ հունիսի 7-ին և 9-ին Վաշինգտոնի Ազգային օպերայի The Kennedy center-ում կայանալիք Վերդիի «Օթելլոյի» համերգային կատարման գլխավոր դերակատարը տենոր Արսեն Սողոմոնյանն է լինելու (երաժշտական ղեկավար՝ հռչակավոր դիրիժոր Ջանանդրեա Նոզեդա):

Այս մասին իրազեկել էր բիժշկ, հասարակական գործիչ, Սողոմոնյանի մտերիմ Վահան Վարդապետյանը:

Վարդապետյանը նոր հրապարակմամբ տեղեկացրել է, որ Վաշինգտոնի Ազգային օպերայի Kennedy center-ում կայացած Վերդիի «Օթելլոյի» համերգային կատարմանը արձագանքել են ամերիկյան հայտնի լրատվամիջոցները, մասնավորապես՝ Washington Post-ը և Washington Classical Review-ը:

«Եթե որևէ մշակութային միջոցառման, օպերային և սիմֆոնիկ համերգի անդրադարձ է կատարում ամենահեղինակավոր Washington Post-ը, սա արդեն բացառիկ մշակութային իրադարձություն է: Նման պարբերականի բարձր և տպավորիչ գնահատականին արժանանալու փաստը հաճելի, պատվաբեր, միաժամանակ չափազանց պարտավորեցնող է մեր հայրենակից Արսեն Սողոմոնյանի համար:

Վաշինգտոնյան հանդիսատեսի, երաժշտական աշխարհի և քննադատների կողմից բացառիկ ջերմությամբ ընդունվեց Արսեն Սողոմոնյանի՝ Օթելլոյի դերակատարումը: Հռչակավոր դիրիժոր Նոզեդան, Վաշինգտոնի ազգային սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբերի ողջ կազմերը աննկարագրելի ջերմությամբ ու ցնծությամբ արձագանքեցին Արսեն Սողոմոնյանի կատարմանը:

«Վաշինգտոնի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Նոզեդան և հզոր դերասանական կազմը ապահովեցին Վերդիի «Օթելլոյի» վեհությունն ու խոր անձնական դրաման»,- գրել է Վարդապետյանը:

Ըստ նրա՝ ներկաներից շատերի համար երեկոյի հայտնությունը տենոր Արսեն Սողոմոնյանն է եղել:

«Օթելլոյի դերակատարումը ամենաբարդն ու զգացմունքայինն է օպերային արվեստում: Մուտք գործելով բեմ «փոթորկից» հետո, հերոսական և հիասքանչ կեցվածքով ստիպեց հանդիսատեսին հասկանալ, որ դեռ սպասվում է տևական երեկո, Արսեն Սողոմոնյանը իր «մեծ» ու «թավ» ձայնով, որն արձագանքում է բոլոր ռեգիստրներում և չունի լարվածություն անգամ վերին ռեգիստրներում, դյուրությամբ իրականացրեց այն: Այս ամենը համակցվելով դերասանական վարպետությամբ, ստացվում է ավելին, քան մնացած Օթելլոները:

Սողոմոնյանն իր կարիերան սկսել է որպես բարիտոն, միայն 2017թ. անցնելով տենորի, սակայն բարիտոնային հնչերանգը օգնում է նրան ճեղքել հսկայական նվագախումբը, և նրա տեմբրը այնքան բարիտոնային է, որ Ռոման Բուրդենկո-Յագոյի հետ զուգերգում նրանց ձայները միաձուլվում են, ոչ թե հակադրվում: Երբեմն արտիստներից ոմանք, նաև Սողոմոնյանը, հակված էին բղավել, ինչը կարելի է բացատրել դրամայի անհրաժեշտությամբ, որից, սակայն, չնսեմացավ երգչի աստղային փայլը»,- հավելել է բժիշկ, հասարակական գործիչը:

Կիսվել սոց․ ցանցերում