Կարեն Դեմիրճյանը 1988-ին հեռացավ քաղաքականությունից, երբ տեսավ, որ ժողովուրդը մերժում է իրեն, վերադարձավ տասը տարի անց, երբ ինքը պահանջված էր դարձյալ

Կարեն Դեմիրճյանը 1988-ին հեռացավ քաղաքականությունից, երբ տեսավ, որ ժողովուրդը մերժում է իրեն, վերադարձավ տասը տարի անց, երբ ինքը պահանջված էր դարձյալ: Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998-ին հեռացավ քաղաքականությունից, երբ 1996թ. ՀՀ նախագահի ընտրություններից հետո մեծ չափով կորցրել էր հանրային աջակցությունը, վերադարձավ տասը տարի անց, երբ կրկին պահանջված էր: Կարեն Դեմիրճյանի որդին` Ստեփանը, 2003թ. առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու, երբ սոցիոլոգիական տարբեր հարցումներով պարզեց, որ ինքը պահանջված ընդդիմադիր թեկնածու է, պայքարեց տարիներ շարունակ, հիմա ասպարեզում չէ: Մամուլում հրապարակումներ եղան, որ պատերազմից հետո իշխանությունները նրան առաջարկել են ՀՀ նախագահ դառնալ, հրաժարվել է: Կարելի է բազմաթիվ օրինակներ հիշել նաեւ այլ երկրների պատմություններից, երբ մարդիկ իրենց առաքելությունը կատարած համարելով` հեռացել են քաղաքականությունից, զբաղվել իրենց հոգեհարազատ այլ գործունեությամբ: Հայաստանում մեծ թվով քաղաքական գործիչներ կան, որոնք քսանհինգ-երեսուն-երեսունհինգ տարի ամեն օր, ամեն ժամ եւ ամեն րոպե ասպարեզում են, չեն թողնում, որ հանրությունն իրենց մոռանա: Մի օր իշխանություն են նրանք, մյուս օրը` ընդդիմություն, մի օր երկրի նախագահ կամ վարչապետ են, մյուս օրը` ԱԺ պատգամավոր կամ ընդդիմության ղեկավար, օրը մի տասը հարցազրույց են տալիս յուրային ԶԼՄ-ներին, խոսում են ու խոսում: Ինչի մասին են խոսում` էական չէ: Մի երկրում, որտեղ հազար ու մի անելիք կա, որտեղ, եթե նրանք որեւէ ոլորտի մասնագետ են, գիտելիքներ ու փորձառություն ունեն, կարող են իրենց մասնագիտությամբ օգտակար լինել: Այդ հարցը նրանց ուղղող չկա, նրանց տված-չկատարած խոստումների, կեղծիքների համար որեւէ հաշվետվություն պահանջող չկա, ի տարբերություն այլ ոլորտների, որտեղ ձախողումը թանկ է նստում մարդու վրա: Իսկ քաղաքականության մեջ ինչ ասես` կարելի է դուրս տալ, ինչ ուզում ես` արա, միայն լայքողներիդ թիվը կավելանա:

Կիսվել սոց․ ցանցերում