Գործիքը չունեին, տվեցինք, մնում է Գյումրու քաղաքապետարանը կամք ունենա, փողոցային առևտուրը վերացնի․ Առուշանյան

Քանի օրերը տաքանում են, այնքան բազմազան է դառնում Գյումրու փողոցներում, մայթերին՝ արկղերում, կամ հենց քար ու փոշու մեջ վաճառվող մթերքի և այլ ապրանքների տեսականին։ Առանց բացառության, հատկապես քաղաքի կենտրոնում, ամեն քայլափոխի առևտուր է իրականացվում։ Բնականաբար՝ առանց վերահսկողության։

Բացօթյա փողոցային առևտուրը թեև օրենքով արգելված է, Գյումրիում թույլատրելի, խրախուսելի է։ Քաղաքի պատմության մեջ առաջին ու վերջին անգամ այս ապօրինությանը վերջ էր տրվել 2022 թվականին, և նույն տարվա օգոստոսի 21-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շնորհակալագիր էր հանձնել Գյումրու՝ այդ ժամանակ փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանին՝ տվյալ գործում ունեցած մեծ դերակատարության համար, քանի որ վերջինիս հաջողվել էր ազատել Հաղթանակի պողոտայի և Շահումյան փողոցի կենտրոնական մայթերն ու փողոցամերձ հատվածները, առևտրականներին ուղղորդել շուկա:

Տարածքն իրեն «քաղաքակիրթ» պահեց մի քանի ամիս ընդամենը։ Ամանորին ընդառաջ առևտրականների սիրտը կրկին փողոց ու ապօրինություն ուզեց։ Գնացին, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին այդ մասին տեղյակ պահեցին և նրա անմիջական թույլտվությամբ վերադարձան, իրենց տեղերում ամրացան, շատացան։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանն ասում է՝ միանշանակ դատապարտելի է, որովհետև ահռելի աշխատանք էր տարվել։

«Դա կոնկրետ անձի կամ անձանց խնդիրը չէր, այլ քաղաքի պատկերն էր, ու նաև այն, որ նման պայմաններում մարդն առևտուր չպետք անի։ Գյումրու կենտրոնի պատմական տեքսն էլ հետը։ Անթույլատրելի էր այդքան աշխատանքից հետո հետ բերելը։ Գոնե մենակ գիշեր-ցերեկ, շաբաթ-կիրակի չնայած, էդքան մարդկանց հետ վեճերի ու անեծքների միջով անցած, տարածքից հանուն քաղաքի առևտրականների հեռացրած քաղաքապետարանի աշխատակիցների համար պետք էր, որ կատարվածը պահվեր»,- նշում է նա:

Ներկա պահին, թե Գյումրու Հաղթանակի պողոտայում, Շահումյան փողոցի երկայնքով և հարակից հատվածներում քանի՞ մարդ է բացօթյա առևտրով զբաղվում, պարզ չէ։ Հաշվարկ չկա։ Հստակ է միայն, որ շուտով ևս մեկ անգամ հնարավորություն կստեղծվի «ազատագրել» այդ տարածքներն ու մայթերը, իսկ առևտրականներին բերել օրենքի դաշտ, քանի որ Երևանում գործող շրջիկ առևտրին վերաբերող իրավակարգավորումները կիրառվելու են նաև Գյումրիում։

 

Ըստ պատգամավորի՝ այն ժամանակ, երբ իրենք սկսել են մաքրելու գործընթացը, կարգավորումները չեն եղել, սակայն հաջողվել է Գյումրու կենտրոնից վերացնել բացօթյա առևտուրը, փողոցը բացել, տաղավարները հետ դնել, գծեր քաշել։

«Հիմա արդեն կարգավորումները կան, մնում է կամք, ցանկություն։ Գործիքը չունին, էդ էլ ենք տվել։ Այսինքն՝ այնպես չէ, որ փողոցում կենդանի ու կիսասատկած հավ ու ձուկ վաճառողը ձեռքի հետ էլ կկարողանա լվացքի փոշի, հաց ու ներքնազգեստ վաճառել։ Մնում է կամք ունենալ ու գործել»,- ասում է նա:

Օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո հերթը Գյումրու ավագանունն է։ Այս օղակն է որոշելու, թե օրվա որ ժամերին քաղաքի որ հատվածում ինչ ապրանք կարող է վաճառել քաղաքացին. «Դիմելու են քաղաքապետարան, ստանան թույլտվություն։ Հուսամ՝ մեր ավագանին ճիշտ լուծում կգտնի կոնկրետ վայրերի, ապրանքների, ժամերի հետ կապված։ Հիմա արդեն քաղաքապետարանի տիրույթում է գործընթացը։ Անմիջական պատասխանատուն համայնքապետն է լինելու, իսկ վերահսկողությունը առևտրի բաժնինն է»։

Պետք է նկատել, սակայն, որ գյումրեցի շատ առևտրականներ վաղուց իրենց համարում են ոչ թե բացօթյա արգելված, այլ հենց շրջիկ առևտրով զբաղվողներ։ Բայց մեղքը ոչ այնքան նրանցն է, որքան՝ սխալ խորհրդատուինը, ով պատկերացրել է, որ ավտոմեքենայի առկայությամբ առևտուր իրականացնելը հենց շրջիկն է։

Սույն օրենքը հստակ սահմանում է, որ շրջիկ առևտուրն իրականացվում է միայն մեքենայի մեջ, սահմանված տարածքում, հաստատված ապրանքացանկով և ժամանակամիջոցով։

«Էս կարգավորումը մեքենայի մեջ վաճառքի մասին է միայն։ Դա չի նշանակում, որ պետք է մի հատ էլ մեքենայի դիմաց արկղեր դնեն, չորսբոլորն ապրանքներ շարեն։ Մեքենաներն էլ, եթե արգելված վայրերում լինեն, ու նախատեսվածից այլ ապրանքներ վաճառվեն, քաղաքապետարանը կարողանալու է և առգրավել և տուգանել։ Ժամանակին ասում էին՝ օրենքում Երևան է նշված, մեզ չի վերաբերում։ Հիմա արդեն վերաբերում է, մնում է, որ օրենքը կիրառվի առանց շրջանցման»,- մանրամասնում է Առուշանյանը։

Շրջիկ առևտրով զբաղվելու համար սահմանված վճարի չափը ևս ավագանին է որոշելու։  Ամսական վճարը լինելու է նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսունապատիկի սահմանում։

Առաջին անգամը տուգանք կսահմանվի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, 2-րդ անգամ՝ հինգհարյուրապատիկի չափով։

Այն, որ Գյումրիում փողոցային առևտուրը ծաղկում է, շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հովանավորների ձեռքի գործն է։

Կա՞ մարդ, ով առևտրականներից տեղի գումար է հավաքում, տարիներ շարունակ համակարգում աշխատանքը, ի՞նչ գիտի այս մասին Առուշանյանը, պատգամավորն ասում է՝ չի ուզում մեկնաբանել, այս պահին քաղաքապետարանի վրա պարտավորություն է դրված, որը պետք է կյանքի կոչեն։

 

Կիսվել սոց․ ցանցերում