Տեսանյութ․Պпւտինի և Չեն Ընի բանակցությունները տևել են գրեթե 2 ժամ. դրանք ավարտվել են փաստաթղթի ստորագրմամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները Փհենյանում ավարտվել են՝ տևելով մոտ երկու ժամ:

Այս մասին հաղորդում են ՏԱՍՍ-ը և ՌԻԱ Նովոստին։

Բանակցությունների արդյունքում Պուտինն ու Կիմ Չեն Ընը համաձայնագիր են ստորագրել համապարփակ ռազմավարական գործընկերության մասին։

Այն կփոխարինի 1961 թվականի Բարեկամության և փոխօգնության պայմանագրին և մի շարք այլ փաստաթղթերի, ինչպես նաև կանդրադառնա անվտանգության խնդիրներին, պարզաբանել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահի այցի ծրագրում մոտ մեկ ժամ է հատկացվել դեմ առ դեմ շփման համար։ Պուտինն ու Կիմ Չեն Ընը կշարունակեն իրենց զրույցը Կումսուսանի նստավայրում ոչ պաշտոնական զբոսանքի և թեյախմության ժամանակ, գրում է գործակալությունը։

Պուտինը Փհենյան է ժամանել նախօրեին։ 2000 թվականից ի վեր սա նրա առաջին պաշտոնական այցն է Հյուսիսային Կորեա։ Կիմ Չեն Ընն անձամբ է դիմավորել ՌԴ նախագահին օդանավակայանում։

Հունիսի 19-ի առավոտյան Պուտինը կրկին հանդիպել է Կիմ Չեն Ընի հետ։ Մինչ բանակցությունների մեկնարկը Փհենյանի Կիմ Իր Սենի հրապարակում կայացել է դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական շքերթով։ Այնուհետև Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի պատվիրակությունները ընդլայնված կազմով բանակցություններ են վարել, որոնք տևել են ավելի քան մեկուկես ժամ։

Կիսվել սոց․ ցանցերում