Սուրեն Պետրոսյանն ի սկզբանե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի մեջ չի եղել, նա այդ պահին Ոսկեպարում է գտնեվլ որոշ մարդկանց հետ:
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Գառնիկ Դանիելյանը
«Սուրենն այդ պահին Ոսկեպարում էր որոշ մարդկանց հետ: Հենց որ շարժումը սկսվեց ու թափ առավ գյուղերում, Սրբազանն առաջարկեց, որ երբ պիտի քայլեինք, գայինք Երևան, լիներ նաև Սուրենը, ես չառարկեցի: Ես առանձնապես խնդիրներ չեմ սարքել դրանից, չեմ խոչընդոտել, թեպետ շատ-շատ արժանավոր մարդիկ կային, որոնք էդ շարժման ակունքներում կանգնած են եղել՝ ռազմական գործիչներ և այլն, որոնք և՛ պատրաստ էին, և՛ արժանի էին, որ լինեին: Դա Սրբազանի մեծահոգության և այսպես ասած քայլի շնորհիվ է, որ Սուրենը եկավ և մեզ հետ քայլեց»,- ասել է Դանիելյանը:
Անդրադառնալով Սուրեն Պետրոսյանի վերջին հայտարարություններին, Դանիելյանը նկատել է.
«Կարող է՝ մի քանի հոգի ինձ համար էին եկել, մի քանի հոգի՝ Սուրենի համար, բայց պարզ է, չէ՞, որ շարժումը հստակ ունի առաջնորդություն, դա Սրբազան հոր առաջնորդությունն է: Ամեն անգամ փորձել սա ուրիշ կերպ ներկայացնել: Չեմ ուզում ուրիշ բառեր օգտագործել, առնվազն արդար չէ: Շարժումը քեզ շատ բան է տվել, բերել է առաջին շարք․ եթե դու չես գնահատում, չես արժևորում․․․ գիտե՞ք՝ ինչ կա, մարդու արածը գնահատելը մեծագույն արժեք է: Եթե դու այդ արժեքների կրողը չես, ի՞նչ ասեմ:
Ասել, որ շարժումը մարո՞ւմ է: Ո՞վ է ասել, որ մարում է»,- ասել է նա:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ վաղը մամուլի ասուլիս է հրավիրելու և բոլոր հարցերին պատասխան տա:
Պետրոսյանը հայտարարել է, որ Վազգեն Գալստանյանի գլխավորած շարժումը մարել է և այժմ մեղավորների ու հակահերոսների փնտրտուքի մեջ են:
Հիշեցնենք, որ հրավիրած ասուլիսի ժամանակ Վազգեն Գալստանյանն ասել էր, որ Պետրոսյանին շատ հարցեր ունեն և սպասում են, որ նա վերադառնա Հայաստան ու տան այդ հարցերը, այնուհետև որոշումներ կայացնեն:
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ին հայտնի էր դարձել, որ Պետրոսյանը գնացել է Մոսկվա:
Նկատենք, որ բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքագետներ պնդում են՝ Պետրոսյանը, հասկանալով, թե ինչ հակաօրինական գործողություններ է փորձել իրականացնել այն շարժումը, որի առաջնորդներից է ինքը, պարզապես փախուստի է դիմել՝ պատասխանատվությունից խուսափելու համար:
Ըստ պնդումների՝ նա մտածել է՝ Վազգեն Գալստանյանը հոգևորական է, Գառնիկ Դանիելյանը՝ պատգամավոր, նրանց ձերբակալելու հավանականությունն ավելի քիչ է, քան իրենը, այդ իսկ պատճառով անհետացել է տեսադաշտից:
