Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է «Telegram» մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը:
Նախագահին հարցրել են Ադրբեջանում իր՝ Դուրովի հետ հնարավոր հանդիպման մասին, որտեղից գործարարը ուղևորվել էր Ֆրանսիա, որտեղ էլ նրան ձերբակալել են։
Պետության ղեկավարի խոսքով՝ ինքը Դուրովի հետ հանդիպել է շատ տարիներ առաջ Կրեմլում, այնուհետև գործարարը խոսել է իր ծրագրերի մասին։ Դրանից հետո նախագահը չի տեսել «Տելեգրամ»-ի հիմնադրին, այդ թվում՝ Բաքվում հանդիպում չի եղել։
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը Դուրովի դեմ բողոքներ չի ունեցել, բայց այլ երկրներ ունեն։
«Բազմաթիվ երկրներից բողոքներ եղան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարթակը որոշակի կերպով օգտագործվում է որոշ մարդկանց և որոշ կառույցների կողմից, որոնք իրենց գործունեությամբ կարող են վնաս հասցնել որոշակի պետությունների տնտեսությանը կամ անվտանգությանը»,- ասել է պետության ղեկավարը։
Ըստ ՌԴ նախագահի՝ Դուրովի նկատմամբ Ֆրանսիայի գործողություններն այնքան էլ հստակ չեն, դրանք ընտրովի են։
Հիշեցնենք՝ «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը օգոստոսի 24-ին ձերբակալվել է Ֆրանսիայում։
