«Ռուսաստանը փաստացի այլընտրանքային ռազմավարական ճանապարհների փնտրտուքի մեջ է, և «Զանգեզուրի միջանցք»-ը իր համար ստեղծում է Արևմուտքի սանկցիաները շրջանցելու շատ հուսալի մեխանիզմ»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ հավելելով՝ դա է պատճառը, որ Ռուսաստանին պետք է, որ այդ միջանցքի վրա չտարածվի որևէ պետության իրավասություն:
«Դրա համար է, որ ՌԴ-ն չի համաձայնվում անգամ ՀՀ իրավասության պայմաններում այդ ճանապարհը շահագործել, նրան պետք է, որ ճանապարհն ունենա արտատարածքային բնույթ: Ըստ էության, երբ դիտարկում ենք ՌԴ շուրջ տիրող իրավիճակը, հասկանում ենք, որ գնալով ավելի սաստկանում է նրա համար այդ ճանապարհի անհրաժեշտությունը, և գնալով ՌԴ-ն ավելի բաց և հստակ, բայց և միջազգային իրավունքով արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին և փորձում է անգամ անտեսել Իրանի դիրքորոշումը և ինչ-որ առումով նաև ճնշել Իրանին»,- ասում է նա:
Հարցին, թե Ռուսաստանը դե ֆակտո ուղիղ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Հայաստանին, Խալաթյանը դրական է արձագանքում. «Եվ դա միջազգային իրավունքի տեսանկյունից հանդիսանում է ուժի, սպառնալիքի կիրառում, կամ, կարելի է ասել, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություն»:
Միաժամանակ իրավագետը նկատում է, որ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը նոր բան չէ, դա մոտավորապես այն նույն ծրագրի վերակենդանացումն է, որը բոլշևիկյան Ռուսաստանն Ադրբեջանի հետ «մտմտում էր», երբ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ հանդիպեց Սյունիքի բնակչության հակազդեցությանը:
«Այսինքն՝ ոչ մի բան նոր չէ, և մենք պետք է հասկանանք, որ պարզապես անվանումները և դիվանագիտական փաթեթավորումն է փոխվել: Իրենց տեսանկյունից ճիշտ ախտորոշել են, որ առանց Սյունիքի լիակատար ինքնիշխանության Հայաստանը վերածվելու է անդամալույծ պետության, ինչը բերելու է աստիճանական անխուսափելի վախճանի: Հայաստանի պետականության ողնաշարը կոտրելու նպատակը նույն դերակատարները շարունակում են ունենալ»,- համոզմունք է հայտնում Խալաթյանը:
Զրուցակիցը նկատում է, որ Իրանի դիրքորոշումը շատ ծանրակշիռ է և խիստ կարևոր Հայաստանի համար, սակայն, ըստ նրա, այս դեպքում լիարժեք երաշխիք կարող է լինել Իրանի ստրատեգիական գործակցությունը Արևմուտքի հետ. «Այդ տանդեմն է, որ կարող է լիարժեք երաշխիք լինել: Իհարկե, Իրանը, անկախ ամեն ինչից, իր դիրքորոշումից չի նահանջի, բայց Արևմուտքի հետ գործակցության պարագայում կկանխվի նման ռազմական արկածախնդրության փորձն անգամ, հակառակ պարագայում ես չեմ բացառում, որ ՀՀ-ն կարող է գնալ Սիրիայի ճանապարհով, որովհետև այդ դեպքում կստացվի, որ Իրանին այլ ելք չի մնա, քան զորք մտցնել Սյունիք: Եթե չլինի Արևմուտք-Իրան ստրատեգիական գործակցություն ընդդեմ ռուս-թուրքական այս արկածախնդրության, Հայաստանը որոշակի ուղիղ վտանգների առաջ կկանգնի: Այսինքն՝ ինչպես դարերով է եղել, երրորդ պետությունների պատերազմի պայքարի թատերաբեմի կարող է վերածվել»:
Հարցին, թե որո՞նք պետք է լինեն Հայաստանի քայլերը, վերջինս ասում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը:
«Շատ կարևոր է հստակ պայմանագրեր կնքելը մեր փաստացի դաշնակիցների հետ, մասնավորապես՝ Ֆրանսիայի, ըստ հնարավորության՝ սերտացնել ռազմատնտեսական ստրատեգիական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ, այնքան, որքան հնարավոր է, և, իհարկե, նաև ձևավորել տնտեսական անվտանգության բարձիկներ, ընդհուպ մինչև ԵԱՏՄ-ից դուրս գալ, որը ՀԱՊԿ-ից դուրս գալու պարագայում իրեն ուշացնել չի տա: Փաստացի հստակ դառնալ ազատ աշխարհի դաշնակիցը, և ես ամենևին նկատի չունեմ միայն Արևմուտքը, մենք նաև ունենք այպիսի կարևոր ռազմավարական գործընկեր, ինչպիսին Հնդկաստանն է: Այսինքն՝ հնարավորինս շուտ պետք է ազատվենք ռուսական ճռռացող սայլի կպած քարշակից»,- տեսակետ է հայտնում նա: