Երեւանի Նորքի բարձունքում գտնվող նրա տուն այցելելիս անանց տպավորություն էին թողնում ալ կարմիր վարդերը: Մաեստրոն շատ էր սիրում վարդեր:
Բարդ, խառնափնթոր ժամանակներ էին, եւ միշտ չէ, որ հաջողվում էր Օհան Դուրյանի հետ զրուցել մշակութային կյանքի, իր ստեղծագործությունների մասին: Այն ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը Օհան Դուրյանին հեռացրել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի պաշտոնից, եւ Մաեստրոն տեւական ժամանակ հեռացել էր Հայաստանից: Օհան Դուրյանը Հայաստան վերադարձավ եւ միացավ 2003թ. ՀՀ նախագահի ընտրություններից առաջ մեկնարկած ընդդիմադիր շարժմանը: Այն ժամանակ հանրահավաքների մասնակիցները հիշում են Մաեստրոյի ոգեւորող, սրատառուչ ելույթները` անընդմեջ տեղացող ձյան ներքո: Չէ? որ միայն հատուկենտ մտավորականներ էին հանդգնում ընդդիմանալ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմին եւ կանգնել ժողովրդի կողքին:
Քսան տարվա հեռավորությունից գուցե արժե վերընթերցել Օհան Դուրյանի խոսքերը մտավորականության մասին:
<-Մաեստրո, Դուք շատ երկրներում եք եղել: Արտերկրո?ւմ էլ են մտավորականներն այսքան կախյալ եւ այսքան քաղաքականացված:
-Ոչ, մյուս երկրներում այդպես չէ: Թերեւս, մեկ էլ Ռուսաստանի Դաշնությունում են մտավորականները կախված պետությունից:
Մեր մտավորականները վախկոտ են, որովհետեւ վերեւներում բռնակալներ են նստած: Ես նրանց չեմ մեղադրում: Մարդիկ դարձել են ստախոս, հարմարվող, որպեսզի կարողանան ապրել:
Եվ եթե ես մասնակցում եմ ընդդիմության հանրահավաքներին, ապա նպատակս մեկն է` դառնանք ժողովրդավար երկիր, ուր մարդիկ ազատ կապրեն, կհարգվեն նրանց իրավունքներն ու ազատությունները> (<Այբ Ֆե> շաբաթաթերթ, 11-17 հունիսի, 2004թ.):
Նույնկերպ Օհան Դուրյանը ժողովրդի կողքին կանգնեց նաեւ 2007-2008 թվականների Համաժողովրդական շարժման ժամանակ:
Իսկ մեզ մնում է այսօր միայն ասել` ծնունդդ շնորհավո’ր, Մաեստրո:
Թագուհի Հակոբյան
