Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերի արդյունքը կվիճարկի Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Արթուրի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, որը նաև չեմպիոնի մարզիչն է:
Սահմանված գոտուց երկու ոտքով դուրս իրանցին. ինչ կատարվեց Փարիզում
Գևորգ Ալեքսանյանն ասում է՝ տեղի ունեցածն ամբողջ աշխարհը տեսավ. օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերի ըմբշամարտի եզրափակիչ գոտեմարտում փոխչեմպիոնի տիտղոսի՝ արծաթե մեդալի արժանացավ:
«Մրցավարական սխալ կար»,- վստահ է մարզիչը, որը նաև այդ մասին հենց տեղում է բարձրաձայնել. «Գոտեմարտի ժամանակ իրանցի ըմբիշը գործող գոտուց 2 ոտքով դուրս եկավ: Այդ պահին պետք է 1 միավոր տային Արթուրին, բայց հակառակը եղավ: Թողեցին, որ ինքը դուրս գա այդ վիճակից, նաև շարունակի իր գործողությունը, անցնի Արթուրի հետևի հատվածը, ու դա գնահատվեց 2 միավոր: Ես բողոքարկեցի՝ որպես մարզիչ, մեր բողոքարկումը համարեցին սխալ: Մեկ միավոր էլ ավելացրին հակառակորդին, հաշիվը դարձավ 4:1, բայց իրականում պետք է լիներ 2:1՝ հօգուտ Արթուրի: 2 ոտքով դուրս գալուց հետո պետք է դադարեցվեր գոտեմարտը, ու միավոր տային Արթուրին: Դա շատ լավ իմանալով՝ Արթուրն այդ պահին էլ չպայքարեց, որովհետև պետք է կանգ առնեին: Դա օրենք է: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Միջազգային ըմբշամարտի ֆեդերացիային, որ մրցավարական կազմը սխալ է թույլ տվել, ՀՀ օլիմպիական կոմիտեն էլ է բողոքարկել ՄՕԿ-ին, բայց դեռ պատասխան չունենք»,- ասում է Գևորգ Ալեքսանյանը:
Կա, սակայն, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից ստացված գրավոր պատասխանը, որում նշված է՝ մրցավարները ճիշտ են դատել Ալեքսանյանի օլիմպիական գոտեմարտը:
Այժմ Ալեքսանյանը դիմել է Լոզանի արբիտրաժային դատարան: Փաստաբան ունեն: Այլ մանրամասներ Գևորգ Ալեքսանյանը չի չցանկանում բարձրաձայնել, ասում է՝ սպասում են գործի ընթացքին:
Ինչպե՞ս է տեղի ունեցածն անդրադարձել Արթուր Ալեքսանյանի վրա
Գոտեմարտից անմիջապես հետո ակնառու էր Ալեքսանյանի ընկճվածությունն ու փոքր-ինչ հիասթափությունը: Որոշ ժամանակահատված չեմպիոնն անգամ գերադասեց առանձնանալ ներկաներից:
Գևորգ Ալեքսանյանի խոսքով՝ բոլորի մոտ նույն զգացողությունն է եղել, դրան գումարած՝ նաև ափսոսանքը:
«Կատարվածն Արթուրի տրամադրության վրա ազդել է, մեծ է ափսոսանքը: Դա իր տարիների աշխատանքն է, քրտինքը, ու մրցավարի ձեռքով սխալ գնահատական եղավ»,- ասում է նա:
Հարցին՝ արդյոք ստեղծված իրավիճակը փոխե՞լ է Արթուր Ալեքսանյանի ծրագրերը, Գևորգ Ալեքսանյանը չի բարձրաձայնում, ասում է՝ այդ մասին խոսելը դեռ վաղ է: