Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ Աթենքում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն-համերգ Հայաստանից հրավիրված «Կադանս» համույթի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:
Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլայոս Դենդիասը, առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսը, Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Խուպիսը, Հունաստանի բանակի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, Աթենքում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ռազմական կցորդներ, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, հունական եկեղեցու և հայ հոգևոր դասի, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ և այլ հյուրեր։
Բացման խոսքով հանդես է եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, որն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության գործընթացին, 2020 թ․ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիային և ԼՂ հայերի բռնի տեղահանությանը, տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Հունաստան հարաբերությունների խորացման ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում նախաձեռնված քայլերին։ ՀՀ դեսպանը մասնավորապես նշել է.
«33 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, մեր երկրում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում Հայաստանի բնակչության 95 տոկոսն իր վճռական «Այո»-ն ասաց ԽՍՀՄ կազմից դուրս անկախ, ժողովրդավարական պետություն կառուցելու գործընթացին: Գործընթաց, որը մարմնավորում էր հայ ժողովրդի եկար փայփայած իղձերը և ձգտումները, որոնք նախարտահայտվել էին 1990 թ․ օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի միջոցով։ Սակայն սա մի գործընթաց էր՝ լի բազում մարտահրավերներով: Անկախ և ազատ պետության կառուցումը պայքար էր, որին անգամ այսօր Հայաստանը բախվում է՝ ջանալով ամրապնդել իր սուվերենությունը և խաղաղ ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Սեպտեմբերի 21-ը, ինչպես նշեցի, ուրախության պահ է, բայց սեպտեմբերը հիշեցնում է նաև կորուստների և ողբերգությունների մասին։
Ուղիղ չորս տարի առաջ այս օրը Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմ սանձազերծվեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Եվ ընդամենը մեկ տարի առաջ ավարտվեց Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը՝ 9-ամսյա պաշարումից, սովից, պարբերական ահաբեկումներից և հրաձգություններից հետո մի տարածքում, որն արձանագրված պատմության 3 հազարամյակների ընթացքում մինչև վերջերս հայաբնակ է եղել։ Ադրբեջանը, խախտելով Մարդու իրավունքների միջազգային դատարանի որոշումները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության բոլոր հոդվածները, այսօր էլ շարունակում է անտեսել մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների կոչերը։ Եվ քանի դեռ անպատիժ են հայերի էթնիկ զտումները, հայկական մշակութային ժառանգության և տեղի բնակչության ունեցվածքի ոչնչացումը, Բաքվում 23 հայերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության դեմ կեղծ դատավարությունները և անողոք ատելության խոսքը, Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ահաբեկումը կրում է շարունակական բնույթ։
Հայաստանը բազմիցս կրկնել է, որ պատրաստ է համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով և կասկածի տակ դնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այնուամենայնիվ, չնայած բոլոր դժվարություններին, մենք չենք կարող մեզ թույլ տալ հուսահատվել։
Հայաստանը միշտ ունեցել է և հիրավի ունի լավ բարեկամներ։ Հայ և հույն ժողովուրդների միջև դարեր ի վեր ձևավորված փոխվստահությունը, ամուր բարեկամական կապերը, միանշանակ, իրենց ազդեցությունն են ունեցել նաև ժամանակակից պայմաններում մեր երկու պետությունների փոխհարաբերությունների կայացման և զարգացման վրա: Հայաստանի երրորդ հանրապետությունը մշտապես վայելել է Հունաստանի աջակցությունը թե՛ երկկողմ արդյունավետ համագործակցության, թե՛ միջազգային հարթակներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության առումով։ Խոսելով հունա-հայկական հարաբերությունների մասին՝ անհնար է չհիշատակել, թե ինչ վիթխարի դեր են խաղում այդ հարաբերությունների ամրապնդման գործում մեր սիրելի հայրենակիցները՝ հունահայերը։ Նրանց ընդունել են Հունաստանում անհիշելի ժամանակներից, Հայոց ցեղասպանության, ապա նաև Մեծ աղետից հետո։ Նրանք անջնջելի ներդրում ունեցան Հունաստանում, մեր հույն եղբայրների և քույրերի հետ միասին մասնակցեցին Հունաստանի նորագույն պատմության կերտմանը` փայփայելով պատմական հայրենիքի հիշողությունները, որտեղ իրենց, մեր նախնիները հիմնել են հնագույն մեծ քաղաքակրթություններից մեկը: Անդրադառնալով վերջին շրջանի զարգացումներին՝ պետք է գոհունակությամբ նշեմ, որ այս տարին ևս ակտիվ քաղաքական երկխոսության և Հունաստանի հետ բազմոլորտ համագործակցության ամրապնդման տարի էր: Դեռևս հունվարին Երևան այցելեց Հունաստանի արտաքին գործերի նախարարը: Մեր արտգործնախարարները պարբերական շփման մեջ են գտնվում, որոնցից վերջինը տեղի ունեցավ երեկ Նյու Յորքում։
Ամբողջական նյութը՝
https://www.armtimes.com/hy/article/297077
