Գյումրու դրամատիկականը շեմեց 159-րդ թատերաշրջանը։ Վերջին տարիներին այս կարևոր օրը թատրոնը բացում է ծանր ներկայացումներով: Այս տարի այլ մոտեցում էր ցուցաբերվել:
159-րդ թատերաշրջանը բացվեց Նոել Քոուարդի «Խելահեղ Seance» լիրիկական կատակերգությամբ՝ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի բեմադրությամբ։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ ստեղծագործությունը խորը փիլիսոփայական կամ բարոյահոգեբանական աշխատանք չէ, բայց տրամադրություն ստեղծող է, դրական հույզեր առաջացնող։

«Մենք հասկացանք, որ հիմնականում ծանր ներկայացումներ են խաղացանկում, և թատրոնին պակասում են կատակերգությունները:մ Եվ այս անգամ որոշեցինք թատերաշրջանը բացել գունեղ ու պոզիտիվ լիցքերով։ Հանդիսատեսը բեմում կտեսնի նոր երիտասարդական խմբի՝ դերասաններ, ովքեր առաջին անգամ են խաղում, և նրանց հետ հանդես կգան մեր փորձառու դերասանները։ Ես այս ներկայացումն առանձնացնում եմ նրանով, որ նոր դեմքեր կան, երիտասարդական նոր ստեղծագործական կազմ, նոր նկարիչ»,- ասաց Հարությունյանը՝ խոստանալով երեք նոր առաջնախաղ, նաև մանկական ներկայացում։
Բեմադրության եւ երաժշտության հեղինակը երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանն է։ Դերերում են՝ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Հասմիկ Սուվարյանը, Լիլիթ Խառատյանը, Արկադի Ղարագուլյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռաֆիկ Խառատյանը, Ադելինա Հարությունյանը, Ասպրամ Բաղդասարյանը, Սոֆյա Սարգսյանը, Սեդա Մկրտչյանը։
«Խելահեղ Seance»-ը կնոջ հավերժական, երբեմն նաև վտանգավոր սիրո մասին է։ Անգամ մահվանից հետո կինը հանգիստ չի տալիս ամուսնուն։
Մի դիպվածի արդյունքում հանդերձյալ կյանքից վերադարձած և չհեռացող Էլվիրան հայտարարում է. «Այս տանը մեկ կին պետք է լինի և դա ես եմ»: Այդ պահից սկսած նա հանգիստ չի թողնում ամուսնուն, վերջինիս կնոջն ու շրջապատին ընդհանրապես:
Ներկայացման ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանն ասում է ներկայացումը նաև փոթորիկներով լեցուն կյանքի մասին է:
«Ուղերձը հետևյալն է՝ եթե կինը սիրում է, նա միշտ, ամեն գնով իր ամուսնու կողքին է, անգամ մահից հետո։ Սիրող կինը կարող է շրջանցել կյանքի ու մահվան սահմանները, վերադառնալ ու մնալ ամուսնու կողքին։ Ներկայացումը փոթորիկ է մտցնելու մեր հանդիսատեսի կյանքում, և այս ներկայացումով խորհուրդ ենք տալիս գնահատել այն արևածագն ու առավոտները, որ ունեք, և երբեք կյանքում չկորցնեք փոթորիկները, ձեր գույները, որոնք ունեք»,- նշեց Ռաֆայել Ասատրյանը։
