Իսկ արդյո՞ք Իլհшմ Աлիեւը ծանոթացավ հայոց պատմությանը

Նյու-Յորքում Հայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, վերջինիս  <Ավելի արդար աշխարհ հնարավոր է>  գիրքը Փաշինյանին նվիրելը համացանցում բուռն քննարկումների առիթ դարձավ։ Հիշեցին, թե ինչպես են բարեկամաբար հարաբերվել Հայաստանի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն իրենց թուրք գործընկերների հետ, քանի որ դա է պահանջել ու պահանջում դիվանագիտությունը, պետական շահը։

Քննարկողները չհիշեցին, սակայն, թե 2019թ․ հունվարին,  արցախյան  44-օրյա պատերազմից մեկ ու կես տարի առաջ, ինչպես Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ այդ հանդիպման ընթացքում նվիրեց Հայոց պատմության դասագիրք՝ խորհուրդ տալով անպայման կարդալ այն։ Այն ժամանակ, ըստ տեղեկությունների, Ալիեւը զարմանքից մի պահ քարացել էր, ապա կեղծ ժպիտը դեմքին, վերցրել գիրքն ու հեռացել։

Կարդա՞ց, արդյոք, Ալիեւը, Հայոց պատմության դասագիրքը, թե՞ ոչ՝ պարզ  չէ, բայց ակնհայտ է, որ նրա պահանջները, նկրտումները Հայաստանից ու հայ  ժողովրդից մնացին նույնը, հակառակ դեպքում նա պատերազմ չէր սանձազերծի, հետագա տարիներին էլ Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններ չէր իրականացնի։

Կարելի է ավելի արդար աշխարհ ունենալու մասին գրքեր գրել, որպես դիվանագիտական ժեստ, միմյանց գրքեր նվիրել ու ժպտալ լուսանկարվելիս, սակայն արտաքին ու ներքին քաղաքականության մեջ կարողանալ ձեւակերպել սեփական առաջնահերթությունները։

Այս մասին են մոռանում  բոլոր նրանք, ովքեր Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական օրակարգերը կապում են միայն դիվանագիտական ժեստերի, գրքեր նվիրելու հետ։

Կիսվել սոց․ ցանցերում