Վերակենդանացնել այն տարածքները, որոնք ժամանակին Երևանի շունչն են եղել. վերաբացվել է Մերգելյանի այգին (տեսանյութ)

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Մերգելյանի այգին, որը տասնամյակներ շարունակ անտեսված ու զավթված վիճակում է եղել:

Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանից, նախագիծը նոր շունչ է հաղորդել շուրջ 5000 քմ զբաղեցնող այգուն, որը դառնալու է քաղաքային կյանքի և հանգստի կենտրոն:

Ծրագրով ապամոնտաժվել են ապօրինի կառույցները, բարեկարգվել է այգու տարածքը, ավելացել են կանաչ տարածքները, կառուցվել են նոր խաղահրապարակ, զրուցատաղավար, ամֆիթատրոն, շատրվաններ, տեղադրվել նոր նստարաններ:

Այգու վերաբացման ժամանակ կազմակերպվել է նաև ծառատունկ, որի ընթացքում տնկվել է 70 արժեքավոր ծառ:

Այսուհետ Մերգելյանի այգին կզարդարի նաև «Լեռնեցիների պար» արձանախումբը:

«Մերգելյանի պուրակը, որը երկար տարիներ գտնվում էր անտեսված ու զավթված վիճակում, հիմնանորոգվել է՝ դառնալով հարմարավետ, բարեկարգ ու ժամանակակից այգի, որտեղ յուրաքանչյուրս կարող ենք վայելել այս գեղեցկությունը։ Երևանն իր պատմության ընթացքում շատ բան է տեսել, և մեր պարտականությունն է վերակենդանացնել այն տարածքները, որոնք ժամանակին մեր քաղաքի շունչն են եղել։

Մերգելյանի պուրակի վերաբացումը ոչ միայն քաղաքի բարեկարգման կարևորագույն քայլերից է, այլ նաև հարգանքի տուրք է նշանավոր մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի հիշատակին, ով իր ամբողջ կյանքը նվիրեց մեր երկրի գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը»,- սոցցանցի իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Կիսվել սոց․ ցանցերում