Չեմ պատրաստվում ներկայանալ և դատախազությանը խորհուրդ եմ տալիս խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներից. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր չէ ներկայանալ հնարավոր ընտրակեղծիքների վերաբերյալ հարցաքննությանը:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահը՝ խորհուրդ տալով յուրաքանչյուրին զբաղվել իր գործով:

«Դատախազությանը խորհուրդ կտամ անել իրենց աշխատանքը և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներից։ Ավելին, այս պահին մեր գործընկերները նույնպես նայում են՝ արդյոք դատախազությունը կարող է լինել անկախ և անաչառ։ Ուրեմն թող դատախազությունը սկսի իր գործը, նախագահն էլ իր գործն անի: Որպես նախագահ՝ ես շարունակելու եմ իմ աշխատանքը և չեմ պատրաստվում ներկայանալ դատախազություն»,- ասաց նախագահը»,- հայտարարել է նա։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նաև նշել է, որ դատախազություն կանչվելը տարօրինակ կերպով համընկնում է Դիմիտրի Մեդվեդևի ցուցումների հետ։

«Դիմում եմ դատախազությանը. հասարակությունը ձեզնից հետաքննություն է խնդրում, ոչ թե իմ ապացույցները: Որևէ մեկը չի ակնկալում, որ այս իրավիճակում դատախազությունը քաղաքական գործընթաց կսկսի նախագահի դեմ»,- ասել է նախագահը:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդևը սոցցանցի իր էջում անդրադարձել էր Վրաստանի նախագահի կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելուն և գրել. «Նման դեպքերում փորձված գործելաոճը պաշտոնանկ անելն ու կալանավորումն է»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի դատախազությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կանչել է հարցաքննության՝ հնարավոր ընտրակեղծիքների մասին նրա հայտարարությունների պատճառով։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր հերթին հայտարարել էր, որ  եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չգնա դատախազություն հարցաքննության, դա կլինի նրա հայտարարությունների կեղծ լինելու ապացույցը։

Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։

Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է «հայկական կարուսելի» մասին Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերին։

«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունն այն մասին, թե հոկտեմբերի 26-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իբր օգտագործվել է «հայկական կարուսել», ուղղված է ընտրությունների արդյունքների վարկաբեկմանը, իրականությանը չընդունելուն: Նախագահը վարկաբեկում է էլեկտրոնային ընտրական տեխնոլոգիաները չհիմնավորված և կեղծ մեղադրանքներով, ինչն անվստահություն է առաջացրել տեխնոլոգիաների նկատմամբ»,- հայտարարել է ԿՀԸ-ն:

Կիսվել սոց․ ցանցերում