Միջազգային հանրությունը մինչև ե՞րբ է հանդուրժելու տարածաշրջանում կայունությունն ու խшղшղությունը վիժեցնող Բшքվի ցինիզմն ու շանտաժը՝ ակամա դառնալով այդ երկրի հանցակիցը և իրավիճակի հետագա սրման պատասխանատուն

Փաստ է, որ 44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո (որով ազդարարվեց հրադադարի մասին) Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ ու ռազմատենչ քաղաքականությունը՝ մշտապես լարված պահելով թե Արցախում շփման գիծը, թե Հայաստան-Ադրբեջան սահմանը՝ զինված միջադեպեր հրահրելով ու քայլեր կատարելով ընդդեմ ՀՀ սուվերեն տարածքի։  Հատկանշական է, որ անցյալ տարվա սեպտեմբերյան ագրեսիայից և դրա վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքից՝ անգործությունից հետո, Հայաստանում այլևս  ոչ ոք հույս չի կապում մեռելային այդ կառույցի հետ և ՀԱՊԿ  հապավումը լսողներին մնում է մեկ բան անել՝ խաչակնքվել ու միաժամանակ «ողորմի» տալ «հանգուցյալին»։  ՀԱՊԿ-ի թեման թեև այլևս փակված է, սակայն դեռևս բացված չեն  այն այլընտրանքային անվտանգային կառույցի դռները, որոնք ՀՀ-ին ներս կհրավիրեն և կերաշխավորեն արտաքին ագրեսիայից  մեր երկրի պաշտպանվածությունը։ Սա նշանակում է, որ Հայաստանը փաստացի այլևս միայնակ է արտաքին՝ ադրբեջանական ագրեսիայի առաջ և պաշտպանունակության առումով ինքնաբավ երկիր է՝ ապավինում է բացառապես սեփական զինվորի բազկին՝ չակնկալելով  անվտանգության արտաքին սպասարկում։ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի  ներկայությունն էլ (եթե սեղմ բնութագրելու լինենք) իր բովանդակությամբ ու վարքագծով շատ դեպքերում կրկնում է ՀԱՊԿ-ի վարքագիծը՝  իր բնույթով լինելով  ավելի շուտ  դեկորատիվ, քան գործուն ու պրոակտիվ։

(Նկատենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ-ում գործող ռազմաբազան ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի սահմաններին տեղի ունեցած ռազմական ագրեսիայի դեպքերին  որևէ կերպ չի արձագանքել)։ Օրեր առաջ էլ՝ սեպտեմբերի 1-ին, արձանագրվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի հերթական ագրեսիան, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր ու վիրավոր ունեցավ։  Սրան ի պատասխան միջազգային հանրության հերթապահ արձագանքը, նկատենք,  անհամարժեք է այն նպատակների իրագործմանը, որոնց մասին հայտարարում են նույն այդ միջազգային շահագրգիռ ուժերը՝ խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։ Խոսքն այս դեպքում կոլեկտիվ Արևմուտքի մասին է,  քանի որ տարածաշրջանային մեկ այլ դերակատարի՝ ՀՀ-ի ռազմավարական դաշնակից ՌԴ-ի մասով, ինչպես ասում են՝ «ամեն ինչ պարզ է», օրերս Նիկոլ Փաշինյանն էլ  La Repubblica թերթին տված  հարցազրույցում արձանագրեց,  որ մեր դաշնակիցը ՀՀ-ն լքելու և տարածաշրջանից դուրս գալու մտադրություն ունի, ասել է, թե՝ այլևս չի դիտարկվում որպես տարածաշրջանում  խաղաղությամբ ու կայունությամբ շահագրգիռ սուբյեկտ։  Եվ թեև պաշտոնապես այդ լքումը տեղի չի ունեցել, «թղթերով» ՌԴ-ն շարունակում է լինել ՀՀ անվտանգության երաշխավորը, սակայն գետնի վրա առկա իրողությունները փաստում են այլ բանի՝ դաշնակցային և անվտանգության երաշխավորի պարտականությունները սաբոտաժի ենթարկելու մասին։ Արցախում անցած 3 տարիների ընթացքում խաղաղապահ առաքելության ցուցաբերած խայտառակ անգործությունը ասվածի աղաղակող ապացույցն է։

Անշուշտ, կհնչեն հակադարձումներ, թե՝ Արևմուտքը չունի իրավապայմանագրային որևէ պարտավորություն՝ ստանձնելու ՀՀ անվտանգության ապահովումը, սակայն նույն այդ Արևմուտքը, եթե չենք սխալվում,  ունի հանձնառություն զսպելո՛ւ  միջազգային իրավակարգի  դեմ գործողությունները՝  ՀՀ ինքնիշխան տարածքների դեմ Բաքվի  ոտնձգությունները, ուժի և ուժի սպառնալիքի  միջոցով առկա հարցերը լուծելու, սեփական կամքը պարտադրելու ագրեսիվ քաղաքականությունը։ Մինչդեռ այս՝ զսպիչ, կանխարգելիչ  պարտավորության կատարումը անցած շուրջ երեք տարիների ընթացքում  այդպես էլ առարկայական տեսք չի կրում։ Մասնավորապես՝ տարածաշրջանային կայունության շահերից ելնելով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան՝ ադրբեջանական զինուժը պետք է դուրս բերվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։

Ի՞նչ է արել այս ուղղությամբ միջազգային հանրությունը անցյալ երկու տարիների ընթացքում։ Փաստը, որ ադբեջանական զինուժն ապօրինի կերպով գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, վկայում է այդ ուղղությամբ  միջազգային հանրության անգործության  մասին։

Իսկ ի՞նչ է արել ՀՀ-ն՝ ի պատասխան տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ «շահագրգռված» միջազգային հանրության «կոնստրուկտիվ առաջարկների»։ Այո՛, իջեցրել է ԼՂ կարգավիճակի հարցում  նշաձողը՝ ակնկալելով, որ  առաջարկի կատարմանը կետևի խոստման կատարումը՝ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։ Սակայն կոնսոլիդացիայի փոխարեն  ականատես եղանք  անցյալ տարվա սեպտեմբերի 13-14-ի  ռազմական ագրեսիային, ապաև՝ Երասխում, օրերս էլ Սոթքում տեղի  ունեցած միջադեպերին, Լաչինի միջանցքի փակմանը, Ադրբեջանի կողմից այդ միջանցքում ապօրինի անցակետի տեղադրմանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների արհամարհմանը, ինչի հետևանքով Արցախը  շուրջ 9 ամիս է լիակատար  բլոկադայի մեջ է։ Միջազգային կոնսոլիդացիան շաբաթներ առաջ տեղի ունեցած ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ հարկավ պետք է դրսևորվեր բանաձևի կամ հայտարարության տեսքով, սակայն կոնսոլիդացիայի այդ ակտին այդպես էլ ականատես չեղանք։ Միջազգային հանրությունը մեզ հստակ ասում էր՝ լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշանակում է՝ մեծ վտանգի ենթարկել ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանը։  Իսկ ի՞նչ արեց ՀՀ-ն ի պատասխան այդ հուշումի։ Այո՛, ս․թ․  մայիսին բրյուսելյան եռակողմ հանդիպման արդյունքներով վերահաստատեց իր հանձնառությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և ճանաչեց Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Արցախը, պայմանով, որ Ադրբեջանը նույնպես ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը։  Սակայն  Ադրբեջանը, ի տես և ի գիտություն նույն այդ արևմտյան հարթակների,  շարունակում է իր ցինիզմն  ու շանտաժը,  օրեցօր սաստկացող առավելապաշտական վարքագիծը։

Միջազգային հանրությունը, ի պատասխան այս ամենի, այո՛, հանդուրժողականություն է ցուցաբերում միջազգային իրավակարգին հակասող այդ պահվածքի հանդեպ՝ այսպիսով խրախուսելով Ադրբեջանի ջանքերն ու դառնալով վերջինիս հանցակիցը տարածաշրջանում անկայունություն հրահրելու  գործում, պատասխանատվություն կրելով իրավիճակի հետագա սրման համար։

Հեղինե Մանուկյան

Կիսվել սոց․ ցանցերում