Ընդդիմության ներկայացուցիչներն Աբխազիայի կառավարության աշխատակիցներին թույլ չեն տալիս աշխատանքի վայր հասնել, նոյեմբերի 18-ին նրանք արգելափակել են Սուխումում նախարարների կաբինետի շենքերից մեկը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի տեղեկատվական կենտրոնը։
«Առկա տեղեկատվության համաձայն՝ Սուխում քաղաքի Լակոբա փողոցի 21 հասցեում գտնվող նախարարների կաբինետի շենքը նույնպես արգելափակված է ընդդիմադիր ուժերի կողմից», – ասվում է հաղորդագրության մեջ։
Այս մասնաշենքում են գտնվում ֆինանսների, էկոնոմիկայի, մշակույթի, գյուղատնտեսության, արտաքին գործերի նախարարությունները և գանձապետարանը։
Ըստ հաղորդագրության՝ 3-րդ մասնաշենքում, որը տեղակայված է կառավարական շենքերի համալիրի վերևում՝ Զվանբա փողոցում, որտեղ գտնվում են արդարադատության, աշխատանքի, կրթության, ինչպես նաև կենսաթոշակային և ճանապարհային ֆոնդերը, ցուցարարներ չկան, բոլոր կազմակերպություններն աշխատում են սովորական ռեժիմով։
