ԿՈՉՈՒՄՆԵՐԻՑ ԶՐԿԵԼ ԵՆ ԲԱՍԿՈՎԻՆ, ԿԻՐԿՈՐՈՎԻՆ, ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԼԻՆԻՆԻՆ, ԻԳՈՐ ԿՐՈՒՏՈՅԻՆ, ԱՆԻ ԼՈՐԱԿԻՆ ԵՒ ՏԱԻՍԻԱ ՊՈՎԱԼԻԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով գործողության մեջ է դրվել այդ երկրի՝ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը մի շարք անձանց պետական պարգեւներից զրկելու մասին, ովքեր կամ պետական դավաճանություն են իրականացրել, կամ հանդես են գալիս այլ երկրի շահերի համար։ Առաջին ցանկում ներառված է երեսունչորս անձ։ Դրանք հիմնականում ուկրաինացի նախկին պատգամավորներ են, պաշտոնյաներ, ուժային համակարգի եւ դատախազության աշխատակիցներ, դատախազներ, արտիստներ, ռուս քաղաքական, կրոնական եւ մշակութային գործիչներ։

Նրանք անժամկետ կերպով զրկվել են Ուկրաինայի կողմից տրված բոլոր տեսակի պետական պարգեւներից։ Ցանկում են նաեւ ռուս գործիչներ, ինչպիսիք են՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու ղեկավար, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, ով զրկվել է Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշանից։ Ուկրաինայի ժողովրդական արտիստ կոչումից զրկվել են ռուս երգիչներ Նիկոլայ Բասկովը, Ֆիլիպ Կիրկորովը, Ալեքսանդր Մալինինը, Իգոր Կրուտոյը։ Կարոլինա Կուեկին՝ Անի Լորակին եւ Տաիսիա Պովալիին զրկել են նաեւ Ուկրաինայի վաստակավոր արտիստի կոչումից։

 

Կիսվել սոց․ ցանցերում