Առաջադրվել եմ որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու

Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ Արտյոմ Թումանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ պաշտոնապես առաջադրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած նախնական ընտրություններում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու:

«ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐ

Պաշտոնապես տեղեկացնում եմ Ձեզ, որ առաջադրվել եմ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված նախնական ընտրություններին որպես Գյումրի քաղաքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու:

Հստակ գիտակցում եմ թե ինչ բարդ ու պատասխանատու բեռ եմ վերցնում իմ ուսերին, սակայն այս դժվարին ու օրհասական պահերին ինչպես միշտ եղել ու մնալու եմ իմ համաքաղաքացիների կողքին անմնացորդ։

Հիմա ամեն ինչ լինելու է Ձեր որոշումով։

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅ ԵՄ, ԿՐԿՆԱԿԻ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՄ»- գրել է Թումանյանը:

Հիշեցնենք՝ ժամը 12:00-ից ավարտված է Գումրու քաղաքապետի պաշտոնակատարի համար ինքնաառաջադրման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը:

Նախնական ընտրությունները՝ փրայմըրիզը, նախատեսված է դեկտեմբերի 8-10-ը: Թե ի՞նչ մեխանիզմով է այն անցկացվելու, դեռ չի հստակեցվում։

Քաղաքապետի պաշտոնակատարի համար ինքնաառաջադրվել են նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը:

Ինքնաառաջադրվելու մտադրության մասին հայտնել են նաև այլ անձինք:

Գյումրու քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի և քաղաքապետի աթոռի համար պայքարի բոլոր մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի անդրադարձում:

Կիսվել սոց․ ցանցերում