Ինչու են սիրիահայերը լքել մետրոյին հարակից տարածքը

Մոտ երկու ամիս առաջ Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքից  հեռացան առեւտրականները, որոնք հիմնականում սիրիահայեր էին: Նրանց կրպակներն այսօր դատարկ են, կողպված, եւ քաղցրավենիքի ու այլ ապրանքների կրպակներին փակցված են նրանց տերերի հեռախոսահամարները եւ ծանուցում, որ ապրանքը կարող են ձեռք բերել առաքումով:

Ինքս միշտ հաճույքով եմ առեւտուր արել այդ կրպակներից, սիրիահայերի հետ զրույցները, նրանց ձեռքի աշխատանքները  յուրօրինակ կոլորիտ են ստեղծում քաղաքում:

Lragrogh.com-ը հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան` իմանալու, թե ինչ է սպասվում սիրիահայ առեւտրականներին:

Մենք ուղարկել էինք հետեւյալ հարցումը. ՙԻնչո?ւ է կասեցվել Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում առեւտրականների  (որոնք հիմնականում սիրիահայեր են) գործունեությունը, արդյո?ք վերականգնվելու է այն, թե? ոչ՚:

Եվ ահա Երեւանի քաղաքապետարանից արձագանքել են. ՙՁեր նշած հատվածում նախկինում առեւտրային գործունեություն ծավալող սուբյեկտի (սիրիահայերի) գործունեությունը վիճարկել է տարածքի նախկին վարձակալը, որից հետո դատական մարմինների կողմից արգելանք է դրվել հետագա գործունեության վրա, եւ այն կասեցվել է ԴԱՀԿ ծառայության կողմից: Այժմ, սակայն, դատական մարմինների գործողությունները դատարանում գտնվում են վիճարկման փուլում, եւ եթե արդյունքում դատարանի որոշմամբ կասեցումը չեղյալ համարվի` տվյալ սուբյեկտի առեւտրային գործունեությունը կվերականգնվի: Առաջարկում ենք մոտավորապես մեկ-երկու ամսվա ընթացքում դատարանի վճռի վերաբերյալ տեղեկությունը ճշտել հենց ոլորտի պատասխանատու պետական մարմնից՚:

Թագուհի Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում