Եթովպիայում ՀՀ դեսպանը Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին է հանձնել ԱԳ նախարարի նամակը

Եթովպիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանը Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակի (UNON) գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի ԳՔ տեղակալ Զայնաբ Հավա Բանգուրային է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ ՆՄԱԳ-ում և Նայրոբիում տեղակայված ՄԱԿ-ի երկու գործակալություններում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին:

Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, գլխավոր տնօրենը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության մեջ:

Սահակ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խորացնել ՀՀ ներգրավվածությունը Գրասենյակի և Նայրոբիում տեղակայված ՄԱԿ-ի երկու գործակալությունների՝ Մարդկային բնակավայրերի ծրագրի (UN-HABITAT) և Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) շրջանակներում:

Կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ համագործակցության և դրա հեռանկարի վերաբերյալ՝ ընդգծելով Կայուն զարգացման «2030թ. օրակարգ»-ի իրագործմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը:

Կիսվել սոց․ ցանցերում