Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և քաղաքական կարգավորման հեռանկարները։
Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
«Դեկտեմբերի 9-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Գնահատվել է Սիրիայում և տարածաշրջանում տիրող վերջին իրավիճակը, և մտքեր են փոխանակվել այն քայլերի շուրջ, որոնք միջազգային հանրությունը, հատկապես ՄԱԿ-ը, կարող են ձեռնարկել Սիրիայում կանոնավոր քաղաքական անցում, մարդասիրական օգնության առաքում և Սիրիայի վերակառուցում ապահովելու համար»,- ասել է աղբյուրը։
Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։
Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը բանակցություններից հետո լքել է պաշտոնը և երկիրը։
Զինյալները պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել են, որ նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալվել է։ Նրա ընտանիքը կառավարել է հանրապետությունը ավելի քան 50 տարի։
Երկրում սկսվել է իշխանության անցումը. «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին ասել է, որ կառավարական կառույցները կմնան նախկին վարչապետ Մուհամմադ Ղազի Ալ-Ջալալիի հսկողության տակ՝ մինչև անցումային կառավարություն չի ձևավորվի:
Ապստամբները 10 միլիոն դոլար պարգևատրում էին խոստացել Սիրիայի նախկին նախագահի գլխի համար, ավելի ուշ «ՏԱՍՍ»-ը և «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Կրեմլի աղբյուրները, հայտնել են, որ Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա, և Ռուսաստանը նրան ապաստան է տվել։
