Արևմուտքը Ռուսաստանին մղում է դեպի կարմիր գիծ, որին Մոսկվան չի կարող չարձագանքել։
Այս կերպ արևմտյան քաղաքական գործիչները վախեցնում են իրենց բնակչությանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։
«Ռուսական առասպելական սպառնալիքի պատրվակով նրանք պարզապես վախեցնում են սեփական բնակչությանը այն մտքով, որ մենք այնտեղ ինչ-որ մեկի վրա ենք հարձակվելու։ Ի վերջո, մարտավարությունը շատ պարզ է. նրանք մեզ բերում են ծայրահեղ կարմիր գծի, որից այն կողմ մենք այլևս չենք կարող նահանջել, սկսում ենք պատասխանել, և հետո նրանք անմիջապես վախեցնում են իրենց բնակչությանը խորհրդային սպառնալիքով, որը կար հին ժամանակներում և հիմա վերափոխվել է իբրև ռուսական սպառնալիք»,- ասում է Պուտինը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը շարունակում է կանոններ պարտադրել համաշխարհային հանրությանը, որոնք Վաշինգտոնն անընդհատ փոխում է իրեն հարմարեցնելու համար։ Պուտինը կարծում է, որ Վաշինգտոնը հիբրիդային պատերազմներ և զսպման քաղաքականություն է վարում «անցանկալի պետությունների» դեմ։
Նա հաղորդել է, որ Եվրոպայում ԱՄՆ-ի զորքերի թիվը գերազանցել է 100 հազարը, իսկ ՆԱՏՕ-ի երկրները մեծացնում են ռազմական ծախսերը և ռուսական սահմանների մոտ ձևավորում են զորքերի հարվածային խմբեր։
«Բացի, այսպես կոչված, արևելյան թևից, դաշինքը մեծացնում է իր ներկայությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Միացյալ Նահանգների դրդմամբ նոր ռազմաքաղաքական դաշինքներ են ձևավորվում, որոնք խաթարում են անվտանգության ճարտարապետությունը, որը գործում է տասնամյակներ շարունակ»,- ամփոփել է Վլադիմիր Պուտինը։
