Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Մենք բոլորս գնահատում ենք Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների ամրապնդման, զարգացման գործում: Կարծում եմ՝ սա նաև լավ առիթ է քննարկելու երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր:
Այս տարիների ընթացքում եղել են բազմաթիվ փոխադարձ այցեր, որոնք կրել են թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական բնույթ, մասնակցություններ տարբեր միջոցառումների, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում հանդիպումներ, որոնց արդյունքում ավելի ենք մոտեցել իրար: Նաև դրա ապացույցն է այն ներդրումների աճի ցուցանիշները, որոնք արձանագրվում են Արաբական Միացյալ Էմիրությունների, գործարարների կողմից: Այդ զարգացումը շատ դինամիկ կերպով ընթանում է: Մեր կողմից ցանկություն կա ընդլայնելու մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»:
