Չափազանց տեսանելի է «ճիշտ դուրս գալու» բոլոր կողմերի հետապնդած նպատակը

Կրկնելով հին հորդորս ու արդեն այն վերահասցեագրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախկին 3 նախագահներին՝ մի բանավիճեք, այլ սոսկ հրապարակեք Արցախյան խնդրով կարգավորման բոլոր տարբերակներն ու փաստաթղթերը
44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախյան խնդրով հեռակա թեժ բանավեճ ու փոխադարձ մեղադրանքներ էին հնչում նախկին ու ներկա իշխանությունների, նրանց ներկայացուցիչների միջև, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փորձագետների հանդիպումներից մեկի ժամանակ անձամբ հորդորել եմ ոչ թե շարունակել բլեյմ-գեյմը՝ փոխադարձ մեղադրանքները, այլ ուղղակի հրապարակել կարգավորման բոլոր տարբերակները, այդ թվում (աշխատանքային վերսիաները), որոնք Հայաստանը և Ադրբեջանը ի պահ են տվել ԵԱՀԿ քարտուղարությանը, և ընդհանրապես՝ ցանկացած իշխանության ժամանակ արված մշակում, որտեղ արտացոլված է մեր դիրքորոշումները։ Ընդհուպ կատակեցի՝ «հայ ժողովուրդը կարդալ գիտե, այնպես որ մենք կմեկնաբանենք, դուք կողմերդ մի մեկնաբանեք»։
Մինչ օրս ոչինչ հրապարակված չէ, իսկ անպտուղ փոխադարձ մեղադրանքները շարունակվում են ու թունավորում առանց այդ էլ թունավոր մթնոլորտը։ Ներկա ու նախկին իշխանությունները պետք է հեռատեսություն ու խոհեմություն ունենան հասկանալու համար, որ միմյանց հասցեին հնչեցրած «դավաճան ես», «դավաճանը դու ես» մեղադրանքները ոչ մի լավ տեղ չեն կարող տանել, բացի փակուղին։ Եթե Արցախի հարցում տեղի է ունեցել դավաճանություն, որում ներգրավված են եղել իշխանությունները՝ ներկա կամ նախկին, դա պետք է փաստերով ապացուցված լինի, փաստաթղթերով ձևակերպված, այլ ոչ թե բանավոր ու հավերժ մնան «օդում կախված լուրերի» մակարդակի։ Մինչդեռ 44-օրյա պատերազմի հետաքննության զեկույցն էլ հրապարակված չէ, որպեսզի փոխադարձ մեղադրանքներից թունավորված և պառակտված հասարակությունը համոզված լինի, թե որ մեղադրանքն է ապացուցված ու փաստերով ամրագրված։
Հետևելով երկու կողմերի մեղադրանքներին ու արդարացումներին, չափազանց տեսանելի է «ճիշտ դուրս գալու» բոլոր կողմերի հետապնդած նպատակը, որը մարդկայնորեն բնական է, հասկանալի է, սակայն քաղաքականապաես վտանգավոր է պետության ու հասարակության համար։ Իրականում երկու կողմի ասածներում էլ կա ճշմարտություն, բայց դա ամբողջ ճշմարտությունը չէ, այլ դրա միայն այն մասը, որը ձեռնտու է տվյալ կողմին։ Փաշինյանն էլ ճիշտ է նախկինում բանակցություններում ելակետ ընդունված «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու» սկզբունքի մասով, նախկիններն էլ ճիշտ են, որ փորձել են այդ հիմքի վրա զարգացնել ինքնորոշման սկզբունքը։ Բայց երկու կողմն էլ չեն ասում մնացած մասն ու ամենակարևորը՝ բացի «սրտի ուզածից» որտե՞ղ և ինչո՞ւմ է սխալ թույլ տրվել, որտե՞ղ և ի՞նչ կարող էր արվել, որ չի արվել, և նման առանցքային հարցեր։
Ի վերջո, բանակցությունները ու դրանց հաջողությունը դա ոչ միայն կողմերի հնարավորինս ճիշտ սահմանած ու որդեգրած ստրատեգիաներն ու հետապնդած նպատակներն են, այլ նաև դրանց կազմավորած մատրիցան, որը տարբեր կոնֆիգուրացիաներում տարբեր ելքեր է ապահովում, բանակցային գործընթացի համար ու կողմերի ձևավորած արտաքին միջավայրի միտումները, դրանց ուղղվածության ճշգրիտ կանխատեսումը, այդ միջավայրում խոշոր խաղացողների ձևավորած շահավետ կամ ոչ շահավետ ռազմավարական հավասարակշռությունը, առանցքայինը՝ քաղաքական ժամանակն ու սեփական ռազմավարությունը կյանքի կոչելու համար կողմի ճիշտ ընտրած ժամանակային պատուհանը և այլ էական հանգամանքներ։ Իսկ այս հարցերում բանավեճի երկու կողմերն էլ այնքան մեծ ու փոքր սխալներ են թույլ տվել, բայց ոչ մեկ չի խոսում դրա մասին։ Մինչդեռ առաջարկվում է պարզունակացնել, նեղացնել խնդիրը՝ ո՞վ և ինչպե՞ս է ընթերցել ու հասկացել Արցախյան խնդրի կարգավորման համար որևէ պահի առաջարկված կարգավորման տարբերակներն ու սկզբունքները․․․
Ըստ որում՝ Փաշինյանն ինքն էլ չի թաքցնում, որ կախված քաղաքական ժամանակից ու սթափությունից՝ դրանք մի անգամ այլ կերպ է կարդացել, երբ հայրենասիրության հայտնի մոդելը խանգարել է ընդունել ճշմարտությունը, իսկ պատերազմից հետո՝ այլ կերպ է կարդացել նույն տեքստը։ Ահա և մեխերից մեկը․ այո, Հայաստանի էլիտան, ցավոք, երբեք սթափ չի եղել, հիմա էլ իրեն թվում է սթափ է, բայց հիմա էլ ինքն է իրեն գցել մյուս ծայրահեղության մեջ․ նախկինները այն ծայրահեղության մեջ էին, թե խնդիրը լուծված է ու լուծելու բան չկա, պետք է շարունակել ապրել ու բանակցային իմիտացիա անել ստատուս քվոյի պայմաններում՝ չհասկանալով, որ դրա պահպանողն ինքը չէ, հիմա էլ այս իշխանություններն են իրենց գցել մյուս ծայրահեղության մեջ, թե նախկին տարբերակները բացարձակ ընթերցվում են այլ կերպ, քան կարդացել ենք նախկինում․․․
Ու ի՞նչ եք կարծում․ անգամ այդ նեղացված հարցի պատասխանը ստացվելո՞ւ է նախկին-ներկա հրապարակային բանավեճում։ Վստահ ասեմ՝ ոչ։ Ընդամենը իշխանությունները ակտիվացնում են նախկին իշխանություններին գալիք ընտրություններում նրանց ճանաչելով իրենց մրցակից, որովհետև նրանք խոցելի են։ Իսկ, համաձայնեք, սա արդեն լրջագույն հարցերի պատասխանն ստանալու մասին չէ։ Հետևաբար, այս ամենը ճշմարտությունն իմանալու ու վերհանելու մասին չէ․․․ Որովհետև նման լուրջ հարցերի, առավել ևս միմյանց վերագրված հանցագործության հետաքննությունը հրապարակային բանավեճի կարգով չի լինում, ու ոչ մի երկրում չի եղել․․․
Այնպես որ՝ ուժի մեջ է մնում բազմիցս իմ արած հրապարակային հորդորը․ հրապարակեք կարգավորման բոլոր տարբերակներն ու աշխատանքային փաստաթղթերը, և մենք դա կկարդանք ու կմեկնաբանենք։ Ի վերջո, ժողովրդավարության օրոք վերջին դատավորը ժողովուրդն է, ու թույլ տվեք, որ այդ ժողովուրդը մեկնաբանի բնօրինակ փաստաթղթերը, այլ ոչ թե մեկնաբանի տարբեր իշխանությունների կողմից դրանց մեկնաբանությունները։
Հարգանքով՝
Ստյոպա Սաֆարյան
Կիսվել սոց․ ցանցերում