«Ելք» դաշինքը մտադիր չէ առաջիկա՝ թանկացումների դեմ պայքարի երթով սեփականաշնորհել թանկացումների դեմ պայքարը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ մեղադրանքներին, թե «Ելք»-ը նախապես չպայքարեց թանկացումը կասեցնելու համար, եւ եթե երթ էր անում՝ թող ավելի շուտ աներ: «Մեզ դժվար կլինի մեղադրել խորհրդարանում պակաս ակտիվ լինելու մեջ: 2016թ. Հարկային օրենսգրքի ընդունման ժամանակ էլ հստակ կանխատեսել էինք, թե ինչ էր լինելու: Երբ էլ անեինք՝ ասելու էին՝ ինչո՞ւ շուտ չէիք անում»,-համոզմունք հայտնեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ «Ելք»-ից բացի դժվար է գտնել այլ քաղաքական թիմ, որը պայքարել է թանկացումների պատճառների դեմ: «Այդ պայքարը մեկ րոպե անգամ չի դադարել: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ իշխանությանը հեռացնելը «պրոբլեմ» չի. մի պայման կա միայն՝ ժողովուրդը պետք է ցույց տա, որ մեզ դա անելու մանդատ է տալիս»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/01/15/931214/?fbclid=IwY2xjawHnL_VleHRuA2FlbQIxMAABHXvWM8weDdWMNLdJMDQBFI2mETtfAlNh2Xv9-nAKVOFac0H_lxQFkfSitA_aem_Lh0nGAFmToAHtqh5T1zy8Q
