Արշակունյաց պողոտայում այրված կրպակը դիտավորությամբ է հրդեհվել՝ գпղությունը թաքցնելու համար. կա ձերբшկալված

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը 44-ամյա մի տղամարդու կողմից շահագործվող մրգի կրպակից կատարվել է գողություն, ապա՝ հրկիզել են կրպակը:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ արարքը կատարել է 59-ամյա տղամարդ:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ գիշերվա ժամը 1-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է կրպակի դուռը, գողացել արկղերով մրգեր, կշեռք ու գազի գլանոթ, իսկ առավոտյան ժամը 7-ի սահմաններում հրկիզել է կրպակը:

59-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել ենք՝ հունվարի 22-ին՝ ժամը 07:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող կրպակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:34-ին, մարվել՝ 07:57-ին: Այրվել է երկու կրպակ (մոտ 10 քմ), ջերմահարվել են կրպակներին կից գեղեցկության սրահի կախովի առաստաղը (մոտ 10 քմ) և մոտակայքում կայանած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան:

Կիսվել սոց․ ցանցերում