Մեդիատեռпրը` որպես պետությունը քանդելու ուղիղ ճանապարհ

Թվում էր, թե արցախյան երկրորդ պատերազմից հետո քաղաքական-հասարակական տարբեր  շրջանակներ, նրանց  կողմից հովանավորվող ԶԼՄ-ները պետական, ազգային շահի ընկալում կունենային, նաեւ` օրենքները կհարգեին ազգային անվտանգության տեսանկյունից անպաշտպան երկրում եւ զերծ կմնային հասարակությանը խուճապի մատնող ապատեղեկատվություն տարածելուց, առավել եւս` սոցիալական ցանցերում ֆեյք էջերի միջոցով չէին դառնա ուղղակի ազգային անվտանգության սպառնալիք:

Բայց  ինչքան պետք է ատես սեփական երկիրդ ու ժողովրդին, որ հանուն քո անձնական շահի օրեր, շաբաթներ, ամիսներ, տարիներ շարունակ զբաղվես նրան ահաբեկելով, երազես  Սյունիքը հանձնելու մասին միայն այն բանի համար, որ դրանից հետո քո չսիրած իշխանությունը կարող է հեռանալ:  Ինչ կլինի հետո` իրենց դա չի հուզում: Թե որքանով են այդ քաղգործիչները, ԶԼՄ-ները տեղեկացված նախկին ու ներկա  բանակցություններից, Սյունիքի պատմությունից, նրա աշխարհաքաղաքական դերից ու նշանակությունից` թողնենք մի կողմ: Մեր օրերում կայք կամ թերթ բացելը, սոցիալական ցանցերում իրական եւ կեղծ հաշիվներով գրանցվելն  առանձնապես խելք, ինտելեկտ չի պահանջում, ընդհակառակը` որքան քիչ բան հասկանաս քաղաքականությունից, միջազգային հարաբերություններից, օրենսդրությունից, որքան հեշտությամբ  ոտատակ տաս բարոյական ու պրոֆեսիոնալ սկզբունքները, այնքան հաջողակ կլինես ու պահանջված: Միեւնույնն է` հազարավոր մարդկանց նյարդերի, առողջության վրա ազդելու, ահաբեկելու, մեդիատեռորով, կեղծիքով   զբաղվելու  համար պատասխանատվության կանչող  չկա:

Եթե եվրոպական երկրներում  քաղաքագիտությամբ զբաղվում է քաղաքագետը, գրականությամբ` գրականագետը, բժշկությամբ` բժիշկը, ապա Հայաստանում ով ասես` քաղաքագետ է, ում ասես` եթեր  են  հրավիրում քաղաքագիտական վերլուծություններ անելու համար:

Օրինակ` Սյունիքի ճակատագրի մասին  քաղաքագիտական  դատողություններ կարող է անել   «Հայաստան » հիմնադրամի նախկին տնօրեն  ոմն Արա Վարդանյան, որը  2018 թվականի իշխանափոխությունից հետո միայն խնդիրներ է ունեցել  իրավապահ մարմինների հետ` պաշտոնավարման շրջանում գործած ապօրինությունների պատճառով: Այդ մասին, իր ձեռք բերած ապօրինի գույքի մասին, նա, իհարկե, չի խոսում: Փոխարենը խոսում է ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերից, Սյունիքից, միջանցքից…

Եվ կխոսի ու կխոսի, որովհետեւ Հայաստանում, ի տարբերություն, օրինակ` Գերմանիայի, մամուլի կոդեքսը չի գործում, լրագրության կանոնները ոտատակ տալը մի բաժակ ջուր խմելու պես մի բան է: Փոխարենը պրոֆեսիոնալ լրագրությունն է անկյուն քշվել` համատարած կեղծիք, ապատեղեկատվություն տարածող, մեդիատեռորով իրենց հացը վաստակող լրատվամիջոցների պատճառով:

Նման ԶԼՄ-ների հարցը կարելի է լուծել՝ միայն նրանց օրենքի դաշտ բերելով, օրենսդրական կարգավորումներով, որոնցով զբաղվում են լրագրողական ՀԿ-ները, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը։

Թագուհի Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում