Պпւտինը պետք է հասկանա, որ այլևս չի կարողանա գրшվել Ուկրшինայի ոչ մի կտոր․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, այսօր Ուկրաինայի դաշնակից երկրների պաշտպանության նախարարների հանդիպում է անցկացվում։ Դրանից առաջ լրագրողների հետ զրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ երեկ «շատ բան» է տեղի ունեցել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Մեկնաբանելով Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի երեկվա հայտարարությունները, թե անիրատեսական է ամբողջությամբ վերադարձնել Ուկրաինայի կողմից կորցրած հողերը, Ռյուտեն նախընտրել է կենտրոնանալ «տևական խաղաղության» անհրաժեշտության մասին նրա ասածների վրա։ «Պուտինը պիտի հասկանա, որ սա վերջն է։ Որ նա այլևս չի կարողանա գրավել Ուկրաինայի ոչ մի  կտոր»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նա ասել է, որ  ՆԱՏՕ-ն ցանկանում է Ուկրաինային դնել  ձեռնտու իրավիճակում։ Ռյուտեն, սակայն, չի հստակեցրել, թե ինչպիսին կարող է լինել այդ դիրքորոշումը՝ հաշվի առնելով Հեգսեթի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։ Ռյուտեն, միաժամանակ, չի համաձայնել լրագրողներից մեկի դիտարկմանը, թե տեղի ունեցողն Ուկրաինային «դավաճանության» սկիզբ է՝ շեշտելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ զրուցել է ոչ միայն Պուտինի, այլև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ BBC-ի այն հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ պաշտպանության նախարարի հռետորաբանությունը կարող էր վնասել դաշինքին, նա պատասխանել է․ «Հեգսեթի ելույթը և Վաշինգտոնից ստացված լուրերն ակնհայտորեն կարևոր հայտարարություններ էին: Դա այն մասին է, ինչպես պետք է աշխատի դաշինքը։ Մենք ժողովրդավարական երկրների դաշինք ենք, մեզ մոտ պետք է բանավեճեր լինեն»։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Կիսվել սոց․ ցանցերում