Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, ինչո՞ւ ենք սրում այդ հարաբերությունները Ռուսաստանի հետ, երբ պատերազմին մոտ ենք:
Հանրային Առաջին ալիքի եթերում այս հարցերին քիչ առաջ պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Հռոմի ստատուտի վավերացմանը, հայ-ամերիկյան զորավարժություններին և վարչապետի տիկնոջ՝ Ուկրաինա այցին:
Աննա Հակոբյանի այցն Ուկրաինա, վարչապետի կարծիքով, անհարկի է քաղաքականացվում:
«Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան զորավարժություններին, պետք է արձանագրեմ, որ սա առաջին անգամը չէ, որ ՀՀ-ում նման զորավարժություններ են տեղի ունենում: Մյուս կողմից էլ, Հռոմի ստատուտի վավերացումը մեկնարկել ենք 2022-ի դեկտեմբերին, ընթացակարգերի համար ժամանակ էր պետք:
Ցավոք, վատ համընկնումներ ունեցավ ՌԴ-ի և ՀԱԱԳԱ-ի դատարանի համատեքստում, և պետք է արձանագրեմ, որ գործընթացը կապված չէ հայ-ռուսական հարաբերությունների հետ, կապված է հենց սահմանային լարվածության հետ:
Հասկանում ենք, որ վատ, անհանգստացնող կոնտեքստներ են ձևավորվում, բայց մյուս կողմից մենք չենք կարող մեր հարաբերությունները և պարտավորությունները սառեցնել մյուս գործընկերների հետ, և փորձում ենք դրանք բնականոն ձևով զարգացնել:
Պետք է արձանագրենք, որ Հռոմի ստատուտը ամենևին էլ մեր Կառավարության օրոք չի ստորագրվել, և նախկինում չի վավերացվել այն պատճառով, որ ՍԴ-ն եզրակացրել է, որ հակասում է Սահմանադրությանը: Բայց մենք 2015-ին նոր խմբագրությամբ ՀՀ Սահմանադրություն ունենք, և այդ հակասությունները վերացված են, և մենք առաջ ենք ընթանում այդ ճանապարհով, որովհետև մեր ստորագրած փաստաթուղթն է»,- ասաց վարչապետը:
